Մատչելիության հղումներ

«Հարսնաքար»-ի գործով դատի ժամանակ տեղի ունեցածի առթիվ քրգործ է հարուցվել


«Հարսնաքար»-ի գործով դատական նիստերից մեկը, արխիվ

«Հարսնաքար»-ի գործով դատական նիստերից մեկը, արխիվ

Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննված «Հարսնաքար»-ի քրեական գործով դատական նիստի ձայնային արձանագրման կրիչում առկա տվյալները, և նախապատրաստված նյութերը ըստ ընդդատության ուղարկվել են Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի Նոր Նորքի քննչական բաժին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին Գլխավոր դատախազությունից:

Ըստ նույն աղբյուրի, նախապատրաստված նյութերով Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում ապրիլի 22-ին հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է` անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ, որը դրսևորվել է դատաքննության մասնակիցներին վիրավորելով: Տվյալ արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:

Քրեական գործով դատավարական հսկողություն իրականացնում է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունը:

Ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ քրեական գործի շրջանակներում մեղադրանք դեռևս առաջադրված չէ որևէ անձի, ձերբակալված և կալանավորված անձինք նույնպես չկան:

Մարտի 24-ին «Հարսնաքար»-ի գործով դատավճռի հրապարակման կեսից ամբաստանյալները հայհոյանքներ, անեծքներ և սպառնալիքներ հասցեագրեցին տուժող կողմի փաստաբաններին, նրանց ընտանիքի անդամներին: Ամբաստանյալների հարազատները ձեռքներին եղած առարկաներ շպրտեցին դատավորի ուղղությամբ, անեծքներ, հայհոյանքներ և սպառնալիքներ տեղալով նաև դատավարությունն ավելի քան մեկուկես տարի լուսաբանող լրագրողների հասցեին։


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG