Մատչելիության հղումներ

logo-print

Էրդողան․ «Եթե ապացուցվի, որ մեր նախնիները սխալներ են գործել, պատրաստ ենք նաև ներողություն խնդրել»


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի վարչապետը պնդում է, թե 1915-ին տեղի ունեցածը պետք է ուսումնասիրի պատմաբաններից, քաղաքագետներից և իրավաբաններից կազմված հանձնաժողովը:

Թուրքական քաղաքական դաշտում քննարկումների հիմնական թեմաներից մեկը շարունակում է մնալ «1915 թվականի իրադարձությունների» զոհերի ժառանգներին ուղղված վարչապետ Ռեջեփ Էրդողանի աղմկահարույց ուղերձը:

Ինքը Թուրքիայի կառավարության ղեկավարը ևս շարունակում է անդրադառնալ այս թեմային` բացատրելով նման հայտարարությամբ հանդես գալու նպատակահարմարությունը:

Էրդողանը թեմային մեկ անգամ ևս անդրադարձավ շաբաթասկզբին ամերիկյան հանրային հեռուստաընկերության լրագրող Չարլի Ռոուզին տված մոտ մեկ ժամանոց բացառիկ հարցազրույցում:

«Սա բավական կարևոր շաբաթ էր` հաշվի առնելով Ձեր այն հայտարարությունը, որ վերաբերում էր Հայաստանին», - նշում էր Ռոուզը՝ հավելելով․ - «Ձեր հայտարարության մեջ, սակայն, Դուք խուսափեցիք Ցեղասպանություն բառից: Թուրքիայի վարչապետի համար անհնարի՞ն է տեղի ունեցած իրադարձությունները որպես ցեղասպանություն բնութագրելը»:

«Դա անհնարին է, քանի որ եթե նման ցեղասպանություն տեղի ունեցած լիներ, արդյո՞ք այս երկրում կշարունակեին հայեր ապրել: Մենք այսօր ունենք թուրքական անձնագիր ունեցող հայեր, կան նաև հայեր, որոնք մեր երկիր են եկել Հայաստանից: Նրանց մի մասը նույնիսկ անձը հաստատող փաստաթղթեր չունի, բայց միևնույն է` մենք նրանց հետ չենք ուղարկում», - ասաց Էրդողանը և շարունակեց․ - «Մեզ համար ցեղասպանությունը մարդկության դեմ կիրառված հանցագործություն է, ուստի մենք երբևիցե նման իրադարձության վրա աչք չէինք փակի: Իմ համոզմամբ՝ սա պատմաբանների պատասխանատվության հարցն է: Մեր արխիվները բաց են, պատմաբանները կարող են գալ և աշխատել այնտեղ: Կան նաև ռազմական արխիվներ: Եթե Հայաստանում արխիվներ կան, կամ երրորդ երկրներում փաստաթղթեր են առկա, նրանք ևս թող բացեն դրանք: Միայն դրանից հետո կարող ենք պատմաբաններից, քաղաքագետներից և իրավաբաններից կազմված հանձնաժողով ստեղծել, որը և կուսումնասիրի ներկայացված փաստաթղթերը, հանդես կգա զեկույցով, և ես կարող եմ ասել, որ մենք պատրաստ ենք հարգել այդ զեկույցում ներկայացված եզրակացությունները»:

«Դուք ասացիք, որ ընդունում եք, որ այդ մարդիկ տառապանքներ են կրել են: Այսպիսով Դուք ներողությո՞ւն էիք խնդրում», - այս հարցին էլ Թուրքիայի վարչապետը արձագանքեց․ - «Այդ մարդիկ մեր նախնիներն են: Այն, ինչ տեղի է ունեցել, կատարվել է մինչև Թուրքական հանրապետության ստեղծումը` Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում: Այս ամենը տեղի է ունեցել տեղահանության ընթացքում, և [արխիվային] փաստաթղթերը բավական հետաքրքրական են: Եթե այդ փաստաթղթերը ցույց տան, որ մեր նախնիները ինչ-որ սխալներ են գործել, և եթե դա ի ցույց դրվի պատմաբանների կողմից, ապա մենք ո՛չ ներողություն հայցելուց և ո՛չ էլ հետևանքները փոխհատուցելուց չենք խուսափի»:

Ամերիկյան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, սակայն, Էրդողանը մեկ անգամ ևս քննադատության թիրախ դարձրեց հայկական Սփյուռքը՝ ասելով․ - «Հայկական Սփյուռքը փորձում է շահարկել 1915 թվականի իրադարձությունները: Մեզ համար դա անընդունելի է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG