Մատչելիության հղումներ

«Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրենն այցելել է Գյումրի


Այսօր Գյումրի էր այցելել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը՝ հանդիպելու ոչ թե գործադուլավորներին, այլ դեպոյի ղեկավարությանը:

Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի մոտ 100 աշխատակիցներ, հիշեցնենք, անցած շաբաթ նախազգուշական գործադուլ անցկացրին՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում:

Մինչև հանդիպումը պատասխանելով լրագրողների հարցերին՝ Ռեբեցը ասաց, որ փետրվարին իրոք նվազել էր մեքենավարների աշխատավարձը (185 հազար դրամ), սակայն մարտ ամսից կազմում է 280 հազար դրամ:

Այդ տարբերությունը Ռեբեցը պայմանավորում է բեռնափոխադրումների ծավալով․ մարտին բեռնափոխադրումներն ավելացել են, համապատասխանաբար բարձրացել են աշխատավարձերը․ - «Մենք աշխատավարձերի համար այլ աղբյուր չունենք: Մենք բյուջետային կազմակերպություն չենք»:

Գործադուլավորները, մինչդեռ, չցանկանալով նկարահանվել, ցույց տվեցին աշխատավարձի թերթիկները փետրվար ու մարտ ամիսների համար, որտեղ հստակ գրված էր՝ փետրվարին 121 հազար դրամ, մարտին՝ 161 հազար:

Այսինքն երկաթուղայիններն իրենց աշխատավարձերի թերթիկներով հերքում են Վիկտոր Ռեբեցի պնդումները, թե աշխատավարձերը մարտին բարձրացել են:

Գործադուլի հանգեցրած իրավիճակի վերաբերյալ Ռեբեցն ասաց․ - «Մենք այստեղ գործադուլավորներ չունենք, մենք ունենք կոլեկտիվի անդամներ, ովքեր չեն ստացել հիմնավոր պատասխաններ ու փաստարկներ, թե ինչ պայմաններում է աշխատում մեր ամբողջ երկաթուղին»:

Նա ասաց, որ ուսումնասիրվում են գործադուլի ժամանակ գնացքների աշխատանքային գրաֆիկի խախտումները:

Երկաթուղայինների հաջորդ քայլը պայմանավորված է նրանով, թե այսօրվա հանդիպման արդյունքում ինչպիսի լուծում կստանան նրանց ներկայացրած 12 պահանջները:

Երկաթուղայինները, հիշեցնենք, իրենց պահանջները չբավարարելու դեպքում մտադիր են հայտարարել անժամկետ գործադուլ:
XS
SM
MD
LG