Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահ ընտրվեց Գալուստ Սահակյանը. Այժմ նա իրեն ավելի ամուր է զգում


ԱԺ նախագահ ընտրվեց Գալուստ Սահակյանը. Այժմ նա իրեն ավելի ամուր է զգում
please wait

No media source currently available

0:00 0:06:14 0:00

Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցում հրաշալի քառյակին չհաջողվեց միասնական դիրքորոշում ունենալ:

101 կողմ և 3 դեմ ձայների հարաբերակցությամբ այսօր Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Ուշագրավ է, որ Սահակյանին շնորհավորում ու ջերմորեն համբուրում էին մինչև քվեարկության արդյունքների հրապարակումը: Խորհրդարանի դահլիճում Սահակյանին նախ համբուրեցին հանրապետականները, ապա խմբով մոտեցան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները և հերթով համբուրեցին ԱԺ նորընտիր նախագահին։ Մոտեցավ նաև Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը և շնորհավորելու նպատակով ձեռքը մեկնեց Սահակյանին:

Երբ արդեն բոլոր համբույրները տրված էին, հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց.- «Հրանտ Բագրատյան՝ 3 կողմ, 101 դեմ, Գալուստ Սահակյան՝ 101 կողմ, 3 դեմ»։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել խորհրդարանից, շնորհակալություն հայտնել Հանրապետականին, հանրապետության նախագահին ինձ առաջադրելու և ամբողջ Հանրապետականին ինձ սատարելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» խմբակցություններին՝ մասնակցության համար»,- քվեարկությունից հետո ասաց Գալուստ Սահակյանը։

Նորընտիր Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն հայտնեց նաև ՀԱԿ-ին Դաշնակցությանն ու «Ժառանգությանը», որոնք բոյկոտեցին ընտրությունները: Նա շնորհակալ եղավ նաև առաջադրված մյուս թեկնածուներին՝ Հրանտ Բագրատյանին և Ռուբեն Հակոբյանին: Ապա Սահակյանը խոսեց իր մասին՝ պնդելով, որ կյանքում պայքարով է հասել հաջողությունների:

«Ազնիվ ձևով գնահատում եմ իրավիճակը, որովհետև իմ կյանքը միշտ էդպես է անցել։ Ես սիրում եմ պայքարել և պայքարով որոշակի հաջողություններ եմ իմ ամբողջ կյանքում ձևավորել։ Համոզված եմ՝ ինչը որ պայքարի միջոցով է իր արդյունքները ձևակերպում, անձը, կոնկրետ՝ ես ավելի ամուր եմ ինձ զգում»,- ասաց նա։

Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցում հրաշալի քառյակին չհաջողվեց միասնական դիրքորոշում ունենալ: Եթե ՀԱԿ-ը, Դաշնակցությունը և «Ժառանգությունը» բոյկոտեցին, ապա այլընտրանքային «Բարգավաճ Հայաստանը» քվեարկությանը մասնակցեց ակտիվորեն: Բնականաբար, առանց ԲՀԿ-ի օգնության Գալուստ Սահակյանին չէր հաջողվի ստանալ պատկառելի 101 ձայն: ԲՀԿ-ականները իրենք էլ չէին թաքցնում, որ քվեարկել են Հանրապետականի օգտին:

«Գալուստ Գրիգորիչին եմ ընտրել, որովհետև հիանալի անձնավորություն է, իրեն շատ սիրում-հարգում եմ ես։ Հրանտ Բագրատյանին չեմ ճանաչել, չեմ էլ ուզում ճանաչեմ»,- ասաց Կարո Կարապետյանը, ով հայտնի է Յուվեցի Կարո մականունով։

Ի պատասխան «Ազատության» այն հարցին, թե ինչո՞ւ չմիացան ընդդիմադիր ուժերին և իրենք էլ չբոյկոտեցին քվեարկությունը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ասաց, թե յուրաքանչյուր խմբակցություն իրավունք ունի իր դիրքորոշումն ունենալ:

«Քառյակը չուներ որոշում առաջադրելու միասնական թեկնածու, և բնականաբար, մենք չենք քննարկել նաև միասնական դիրքորոշմամբ հանդես գալու հարցը։ ԲՀԿ-ն որոշեց թողնել ազատ քվեարկությունը, յուրաքանչյուր պատգամավոր կքվեարկի իր խղճի մտոք»,- ասաց Զոհրաբյանը։

Թեև Հայ ազգային կոնգրեսը բոյկոտեց ընտրությունը, սակայն ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց քվեարկությանը՝ պնդելով, թե գոնե մեկը պետք է դեմ լիներ Գալուստ Սահակյանին:

«Ոնց որ թե միասնական բոյկոտի չհաջողվեց հասնել, առավել ևս այս պարագայում ինձ համար բարոյական պարտք էր գալ և դիրքորոշում արտահայտել, կողմ քվեարկել Հրանտ Բագրատյանին և դեմ քվեարկել Գալուստ Սահակյանին»,- ասաց Փաշինյանը։

Հրանտ Բագրատյանին տրված 3 ձայներից մեկն էլ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանին էր. նա անգամ լուսանկարել էր իր քվեաթերթիկը՝ հետագայում տարբեր շահարկումներից խուսափելու համար:

«Ես նկարել եմ պատմական փաստը, որ Հրանտ Բագրատյանին ձայն եմ տվել։ Մարդը թեկնածություն է դրել և պայքարում է, ես իր պայքարի 25-ամյա ընկերն եմ և պետք է լինեմ իր կողքին»,- նշեց Արզումանյանը։

Չնայած ստացած ընդամենը 3 ձայնին, Հրանտ Բագրատյանը ճիշտ է համարում իր ինքնաառաջադրումը: Ըստ նրա՝ սխալ է ընտրությունները բոյկոտելու ՀԱԿ-ի որոշումը։

«Լավ արեցի՝ հաշվի առնելով այն, որ էս ժողովուրդը պիտի ասի, որ դեմդ մի հատ թեկնածու է դրված։ Որ էգուց չասեն՝ բա ուզում էիք, դնեիք ձեր թեկնածությունը։ Ոնց կարելի՞ է... մեզ ընտրել են, որ մենք բոյկոտե՞նք։ Հա, քիչ ենք մենք, բայց սկսում ես մտածել, որ էս բոյկոտը իշխանության դուրը գալիս է։ Ճիշտ է՝ Ազգային ժողովում պարտվում ենք միանշանակ, բայց չպայքարե՞նք, հանձնվե՞նք, պառկե՞նք։ Ես կատարեցի իմ պարտքը, որ վաղը ժողովուրդը չասի՝ բա դեմը ո՞վ կար»,- ասաց Բագրատյանը՝ հավելելով. - «Ի՞նչն ենք բոյկոտում։ Բոյկոտում ենք, որ նրանք մեծամասնությո՞ւն են։ Էդ դեպքում ինչո՞ւ ենք ենք եկել պառլամենտ, ինչո՞ւ ենք մանդատ վերցրել։ Էդ դեպքում մանդատները վայր ենք դնում։ Ոչ մի տրամաբանություն չկա էդ բոյկոտի մեջ»։

Հավելենք, որ թեև Ազգային ժողովի նախագահի քվեարկությունը փակ գաղտնի էր, Հանրապետական պատգամավորները, մասնավորապես, Առաքել Մովսիսյանը, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը բաց էին քվեարկում՝ քվաթերթիկը լրացնելով հենց հանձնաժողովի անդամների սեղանին, ընտրություն կատարելով նրանց ցուցումով: Միայն մեր պնդումներից հետո, թե քվեարկությունը փակ գաղտնի է, հաշվիչ հանձնաժողովի անդամ, հանրապետական Մկրտիչ Մինասյանը գործընկերներին հորդորեց՝ «գնացեք ընդեղ արեք, նկարում են»:
XS
SM
MD
LG