Մատչելիության հղումներ

logo-print

«Դ!եմ եմ» շարժումը մեծ ակնկալիքներ չունի ԱԺ-ից


«Դ!եմ եմ» շարժումը մեծ ակնկալիքներ չունի այսօր Ազգային ժողովում մեկնարկած քառօրյայից, որի ընթացքում քննարկվելու են նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունները:

Շարժման անդամ Դավիթ Մանուկյանը նաև դրանով է բացատրում այն, որ իրենք այսօր չեն հավաքվել Ազգային ժողովի շենքի մոտ․ - «Որովհետև ըստ էության ստացվում է, որ գուցե փաթեթավորումը փոխվում է, բայց բովանդակությունը նույնն է մնում»:

Թեև կառավարության առաջարկներն ամբողջությամբ հրապարակված չեն, պարզ է, այդուհանդերձ, որ առաջարկվում է ընդամենը կասեցնել օրենքի 76-րդ հոդվածը՝ վճարումներ չկատարելու համար նախատեսված տույժ-տուգանքները:

«Սա ոչ թե ցույց է տալիս կառավարության մտահոգությունը, այլ ցույց է տալիս անելանելի վիճակը, որում հայտնվել է կառավարությունը: Այն պահանջները, որ մենք ներկայացրել ենք վարչապետին, դա չի ենթադրում 76-րդ հոդվածի կասեցում, այլ ենթադրում է մարդուն հնարավորություն տալ հայտնելու իր կամքը իրեն որպես սեփականություն պատկանող աշխատավարձից պահումներ կատարել-չկատարելու հարցում», - «Ազատության» հետ զրույցում ասաց շարժման անդամներից Մանե Թանդիլյանը՝ շարունակելով․ - «Եթե կառավարությունը ավելի լավ կարողանար հասկանալ ՍԴ որոշումը և գնար ընդառաջ այդ որոշմանը, ապա կտեսներ, որ այն քայլերը, որ մենք ենք պահանջում կատարել, կարծես թե կվերացներ 76-րդ հոդվածի կասեցման խնդիրը․․․ Մի վարչապետով մյուսին փոխարինելը հարցերը չի լուծում: Պետք է ուղղակի համակարգված լուծում տրվի: Դա այն է, ինչ պահանջում է ժողովուրդը»:

«Ի՞նչ է նշանակում դե ֆակտո կասեցում․․․ Ի՞նչ է նշանակում պարտադիր, բայց ոչ պարտադրված․․․ Սրանք մարդկանց համար էլի անհասկանալի, էլի քաոսային, խուճապային վիճակ ստեղծող մանևրներ են, մանիպուլյացիոն քայլեր են, որոնց դեմը ուղղակի պիտի առնել իսկապես միայն հանրային ճնշմամբ», - հավելեց Դավիթ Մանուկյանը:

«Դ!եմ եմ» շարժման անդամները ոչ միայն չեն հավատում պաշտոնյաների՝ մասնավորապես, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հավաստիացումներին, թե ամեն ինչ լավ է լինելու, այլ ստիպված են եզրակացնել, որ իշխանության միակ նպատակը «փող կործելն է»:

«Այս քայլով կառավարությունն ուղղակի ապացուցում է, որ գումարի խիստ անհրաժեշտություն կա, և ամեն կերպ պետք է այդ դրամահավաքը ապահովել․․․ Ինչը մենք ուղղակի թույլ չենք տալու», - հայտարարեց Դավիթ Մանուկյանը:

Իսկ հաշվապահները կրկին կանգնած են պահել-չպահել դժվարին երկրընտրանքի առջև: Մասնագիտությամբ հաշվապահ Մանե Թանդիլյանն ասաց, որ ինքը պահումները չի կատարելու․ - «Մեր կազմակերպությունը և առհասարակ մարդու իրավունքները հարգող բոլոր կազմակերպությունները հստակ կարող են կողմնորոշվել Սահմանադրությամբ և վստահ լինել, որ որևէ դատարան չի կարող Սահմանադրությունը խախտելով որևէ կարգի պահանջներ ներկայացնել կազմակերպություններին: ՍԴ որոշումը հստակ է, ինչպես նաև հստակ է Սահմանադրության 3-րդ հոդվածը»:
XS
SM
MD
LG