Մատչելիության հղումներ

logo-print

Սահմանադրությամբ հանրաքվեների հնարավորությունն ամրագրելը «ընդունելի է»


Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, տասնյակ նիստեր գումարելով, առայժմ փորձում է հասկանալ, թե ինչ խնդիրներ պետք է առաջ քաշել սահմանադրական փոփոխություններ իրականացնելիս:

Հանձնաժողովի ներկայացուցիչ, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր ասաց, թե 20-ից ավելի նիստեր գումարելով՝ փորձել են պարզել, թե որոնք են իշխանության տարբեր ճյուղերի հարաբերությունների առանցքային խնդիրները։

«Ավելի հուսալի կլինի նաև իշխանությունների այս տարանջատումը, որը չի հանգեցնի սուբյեկտիվ թելադրանքի կամ անձի դիկտատուրայից անցում կատարի քաղաքական դիկտատուրայի... մենք աստիճանաբար պետք է դադարենք անձ-կուսակցությունների ինստիտուտի վրա պետաիշխանական հարաբերությունները կառուցել»,- ասաց Հարությունյանը։

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական դատարանի խորհրդական Գևորգ Դանիելյանն ասաց, որ հանձնաժողովի ամբողջ կազմի համար ընդունելի է Սահմանադրությամբ հանրաքվեների հնարավորությունն ամրագրելը։

«Հանձնաժողովի դիրքորոշումն այն է, որ բոլոր այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետությունը միանա այնպիսի միջազգային կազմակերպությունների, որի արդյունքում կարձանագրվի ինքնիշխանության մասնակի սահմանափակում, այս հարցերը ևս ենթադրում են, որ պարտադիր կարգով պետք է դառնան հանրաքվեի առարկա։ Այստեղ ուղղակի «միջազգային կազմակերպություն» եզրույթը լայն իմաստով ենք օգտագործում, շատ հաճախ ասում են՝ բացի միջազգային կազմակերպություններից կան վերազգային կազմակերպություններ, բայց վերջին հաշվով միջազգային իրավունքում նաև վերազգային կառույցներ են համարվում Մաքսային միությունը կամ Եվրամիությունը։ Լայն իմաստով բոլոր միջազգային կազմակերպությունները վերջին հաշվով համարվում են վերազգային»,- ասաց Դանիելյանը։

Հանձնաժողովը պատրաստվում է պարբերաբար հանրային քննարկումներ կազմակերպել տարբեր ձևաչափերով: Նախատեսված է ՍԴ բարեփոխումների հայեցակարգը վերջնական նախագիծը ներկայացնել հունիսի 30-ին։
XS
SM
MD
LG