Մատչելիության հղումներ

Արգիշտի Կիվիրյանի ոտքերը «խանգարել են երթևեկությանը»


«Արմենիա Թուդեյ» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի գործով այսօր վկայություն տված պարեկապահակային ծառայության ոստիկան Վարազդատ Ալեքսանյանը նախ ասաց, թե ինքն գործը լավ գիտի: Բայց երբ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Կիվիրյանի պաշտպանները տարբեր ձևակերպումներով հարցնում էին, թե ի՞նչ իրավախախտում է թույլ տվել Արգիշտի Կիվիրյանը, ոստիկանը լռում էր։

Օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում ապօրինի շինարարության դեմ բողոքողներից Արգիշտի Կիվիրյանի գործողությունները ոստիկանն այնպես նկարագրեց, որ տպավորություն ստեղծվեց, թե Արգիշտի Կիվիրյանի ոտքերը խաթարել են երթևեկությունը։

«Ինքը նստեց մայթին, գրկեց տրուբեն, ասաց՝ ես դուրս չեմ գալիս։ Ոտքերը ճանապարհի վրա էին»,- ասաց ոստիկանը, ով Կիվիրյանին բերման ենթարկողներից մեկն է եղել։

Կիվիրյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը հարցրեց՝ ոստիկանի համար բերման ենթարկելու պատճառը ակնհա՞յտ էր։ Այս հարցը մնաց անպատասխան, ոստիկանն ասաց՝ հարցը չի հասկանում։

Եթե ոստիկանը դեպքից անգամ ութ ամիս անց դեռ չի տեղեկացել՝ ինչու է բերման ենթարկել Արգիշտի Կիվիրյանին, ապա ինչպե՞ս է ստացվել, որ նա դարձել է վկա և նաև նրա ցուցմունքներն են նպաստել, որ քրեական գործ հարուցվի ապօրինի շինարարության դեմ բողոքներ հնչեցրած Արգիշտի Կիվիրյանի դեմ: Պարզվեց՝ ոստիկանը տեղյակ չէ շատ այլ հարցերից։ Նա ասաց, որ Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության է հրավիրվել առանց ծանուցագրի.- «Մեզի գնդից են տեղյակ պահել, որ գնանք Հատուկ քննչական, գնդի հրամանատարն է [ասել]»։

Փաստաբան Լուսինե Սահակյանի հարցերից պարզվեց, որ ոստիկանը ոչինչ չէր հիշում դասընթացներից, որոնց ժամանակ, ինչպես նախատեսված է եվրոպական աղբյուրների դրամաշնորհների ծրագրերով, պետք է ոստիկանների գիտելիքները հարստանան:

Իսկ Արգիշտի Կիվիրյանի գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 12-ին:
XS
SM
MD
LG