Մատչելիության հղումներ

Երկաթուղայինները նախազգուշական գործադուլ են անում


Լոկոմոտիվային դեպոյի շուրջ 100 աշխատակից էր մասնակցում այսօրվա գործադուլին: Առավոտյան ժամը 8-ից մինչև 10 Գյումրիում հայտարարված գործադուլը ձգվում էր Այրում ու Սանահին՝ գնացքները կանգնել էին ճանապարհին:

Գնացքների մեքենավարներն ու նրանց օգնականները բողոքում էին, որ իրենց աշխատավարձերը զգալի նվազել են: Բացի այդ երկարամյա աշխատանքի դիմաց նախկինում վճարվող մինչև 50 տոկոս հավելավճարը այլևս չի վճարվում, վնասակար աշխատանքի համար նախկին արտոնությունները չեն գործում, աշխատողներից էլ պահվում են 5 տոկոս պարտադիր կուտակային վճարները:

Երկաթուղայինները իրենց պահանջները շարադրել են 12 կետում ու ներկայացրել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ղեկավար Վիկտոր Ռեբեցին, սակայն տնօրինությունից ստացված պատասխանը չի բավարարել աշխատակիցներին: Մասնավորապես, նրանց հարցին, թե ի՞նչ հիմնավորմամբ է նվազեցվել երկաթուղայինների աշխատավարձը, «Հարավկովկասյան երկաթուղու» ղեկավարությունից պատասխանել էին, թե բեռնափոխադրումների ծավալը պակասել է, և եթե աշխատավարձի բարձրացում են պահանջում, ապա պետք է հաստիքների կրճատումներ լինեն: Որպես բողոք՝ նախազգուշական գործադուլի տարբերակն են ընտրել:

2008 թվականին «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերություն կոնցեսիոն կառավարման պայմանագրով 30 տարի ժամկետով հանձնվեց «Ռուսական երկաթուղիներ» ընկերությանը: Աշխատակիցներն ասում են՝ ռուսական ընկերությունը եկել ու ոտնահարում է իրենց իրավունքները, ուստի Հայաստանի իշխանություններից ևս պահանջում են միջամտել ու խնդրի լուծում գտնել:

Լոկոմոտիվային դեպոյի Շարժակազմի տնօրինության նորանշանակ ղեկավար Նիկոլայ Լավրենչուկը երկաթուղայինների գործադուլն անհիմն որակեց ու պնդեց, թե աշխատավարձերը ոչ թե նվազել են, այլ ընդհակառակը՝ բարձրացել:

Նախազգուշական գործադուլը, ինչպես և նախատեսվել էր, տևեց 2 ժամ: Ուղիղ ժամը 10-ին էլեկտրագնացքը Լոկոմոտիվային դեպոյից շարժվեց «Գյումրի» կայարան: Գործադուլի մասնակիցներն ասացին, որ եթե պահանջները չբավարարվեն, ապա հաջորդ գործադուլն անժամկետ կհայտարարեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG