Մատչելիության հղումներ

Կիևը Մոսկվային մեղադրում է Երրորդ աշխարհամարտ հրահրելու մեջ


Անցակետ Դոնեցկի մոտակայքում, 25 ապրիլի, 2014թ.
Անցակետ Դոնեցկի մոտակայքում, 25 ապրիլի, 2014թ.
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, այսօր ելույթ ունենալով կառավարության նիստում, ասել է, որ քաղաքական և ռազմական եղանակներով գրավելով Ուկրաինայի տարածքը՝ Ռուսաստանը ցանկանում է սկսել պատերազմ, որը կհանգեցնի ռազմական առճակատման ամբողջ Եվրոպայում։

«Աշխարհը դեռ չի մոռացել Երկրորդ աշխարհամարտը, իսկ Ռուսաստանն արդեն ուզում է սկսել երրորդը»,- ասել է Յացենյուկը։

Վարչապետի համոզմամբ, Ռուսաստանն ունի երեք հիմնական նպատակ. - «Առաջին՝ խափանել ընտրությունները, որ Ուկրաինան չունենա օրինակարգ նախագահ: Երկրորդ՝ իշխանությունից հեռացնել արևմտամետ և ուկրաինամետ կառավարությունը: Երրորդ՝ գրավել Ուկրաինան ռազմական և քաղաքական իմաստով»։

Ուկրաինայի վարչապետը հավաստիացրել է, որ այդ նպատակները կձախողվեն, երկիրը կօգտագործի բոլոր միջոցները` քաղաքական, դիվանագիտական և ռազմական և կպաշտպանվի։

Յացենյուկը միջազգային հանրությանը հորդորել է «միավորվել Ռուսաստանի ագրեսիայի դեմ»։

Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միխայլո Կովալն այսօր ասել է, որ ռուսական բանակը զորավարժություններ է անցկացնում Ուկրաինայի սահմանից ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա։ Նա ասել է նաև, թե Ուկրաինայի բանակը պատրաստ է հետ մղել ցանկացած ագրեսիա։

Ենթադրվում է, որ ռուսներն Ուկրաինայի սահմանի երկայնքով տեղակայել են մոտ 40 հազարանոց բանակ։ Արևմուտքը խստորեն դատապարտում է Ռուսաստանի գործողությունները։

Մոսկվան պնդում է, թե զորավարժություններ է անցկացնում ի պատասխան Ուկրաինայի նախաձեռնած հակաահաբեկչական գործողության։ Կիևի իշխանությունները ցանկանում են այդ գործողության արդյունքում ազատել արևելյան շրջանի տասնյակ ավանների պետական շենքերը, որոնք հիմա գտնվում են ռուս անջատողականների հսկողության տակ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Վաշինգտոնին մեղադրում է Ուկրաինայում նոր գունավոր հեղափոխություն նախաձեռնելու և Ուկրաինայի հարցով Մոսկվային նոր պահանջներ պարտադրելու փորձերի մեջ։

«Մենք պնդելու ենք, որ Ժնևի համաձայնագիրը հարգվի, մենք կտրականապես մերժելու ենք այն աղավաղելու փորձերը»,- ասել է Լավրովը՝ ավելացնելով, որ Միացյալ Նահանգները փորձում է միջազգային հանրությանը հրամցնել Ժնևի համաձայնությունների հայեցակարգ, որի շուրջ Ժնևում բնավ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հեռախոսով քննարկում է անցկացրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ։

Այդ քննարկումներից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին զանգահարել է Ռուսաստանի ղեկավարի լավ բարեկամի և գործընկերոջ համբավ ունեցող կանցլեր Մերկելը։

Բեռլինից հայտնում են, թե նա Պուտինին զգուշացրել է, որ նոր պատժամիջոցներն անխուսափելի են, քանի որ Մոսկվան ջանքեր չի գործադրում Ժնևի համաձայնագիրն իրականացնելու համար։

Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, արևմտյան լիդերները հանգել են այն եզրակացության, որ «Ռուսաստանը շարունակում է սրել կացությունը, ինչի վկայությունը Ուկրաինայի սահմանի մոտ ռուսների սկսած զորավարժություններն են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG