Մատչելիության հղումներ

ՄՄ-ին Հայաստանի անդամակցության դեմ առցանց ակցիա է անցկացվում


Հարյուրավոր հայեր՝ Հայաստանից ու աշխարհի այլ երկրներից պահանջում են նախագահ Սարգսյանից չմիանալ Ռուսաստանի նախաձեռնած մաքսային միությանը՝ պնդելով, որ դա հակասում է Հայաստանի պետական շահին։

Նախաձեռնության հեղինակը մոսկվայաբնակ Արմեն Թադևոսյանն է, ով change.org ինտերնետային էջում տեղադրել է Սերժ Սարգսյանին ուղղված նամակի տեքստը։

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը պատահական չի համարում, որ այս նամակը հեղինակել է ռուսաստանաբնակը՝ ընդգծելով, թե ոչ ոք նրանից ավելի լավ չի կարող պատկերացնել Պուտինի ոչ ժողովրդավարական քաղաքականության հետևանքներն ու դրա հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա․ - «Ստի, կեղծիքի և չարիքի կայսրության է վերածվում Ռուսաստանը: Եվ դա մենք տեսնում ենք դրսից, նրանք տեսնում են ներսից»:

Սերժ Սարգսյանին ուղղված նամակին միացել է նաև ակտիվիստ Զառա Հովհաննիսյանը: Իրավապաշտպանն ամեն օր հետևում է՝ քանիսն են ստրագրում այս նախաձեռնության տակ․ ուշադիր է, բայց թվերից չի ոգևորվում․ - «Հնարավոր է նաև, որ մենք մի քիչ պասսիվ ենք աշխատում՝ չբացատրելով, թե ինչպիսի բռնատիրական կառույցում կարող ենք մենք հայտնվել»:

Իրենց փաստարկներն են բերում նաև Առցանց նամակի հեղինակները. Երեւանից Նանոր Բարսեղյանը գրում է․ - «Դեմ եմ, որովհետև սիրում եմ անկախությունն ու ազատությունը»։ Հովհաննես Ասատրյանն էլ բացատրում է․ - «Որովհետեւ դա իմ ու իմ երեխաների ապագան է»։

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ իր պայքարն է շարունակում նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ միայն թե ոչ թե վիրտուալ, այլ իրական կյանքում։

Անկախության համար տարիներ շարունակ պայքարած Հայրիկյանը այսօր հրավիրած հանրահավաքում ևս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանի ապագան ոչ թե բռնատիրական Ռուսաստանն է, այլ Եվրոպական Միությունը։ Նա հավասարապես քննադատեց թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմությանը:

Ավելի սուր էր ընդդիմությանն ուղղված քննադատությունը․ - «Մարդկանց խաբելով եք զբաղված՝ ցույց տալու համար, թե դուք ինչ-որ բանով եք զբաղված, ինչ-որ մտահոգություններ ունեք․․․ Եթե դուք փառասեր ու մեծամիտ ողորմելիներ չլինեիք, ասում եմ ամենայն պատասխանատվությամբ՝ հենց առաջին օրվանից, առաջին ժամից քուն-դադար կորցրած կզբաղվեիք այդ հարցով։ Եվրոպա եք ձգտում, վախենո՞ւմ եք ձեր դրոշները բարձրացնել: Եկեք մերը բարձրացրեք, եկեք միասին բարձրացնենք»:

ԱԻՄ-ականներն այնուհետև հայտարարեցին, թե նախագահ Սերժ Սարգսյանին ուղերձ ունեն հանձնելու՝ պահանջելով հետ կանգնել Մաքսային Միության ճանապարհից։

«Հավաքական կամքին ու մեր Սահմանադրությանը հակադրվելով՝ Դուք առանց նույնիսկ նվազագույն քննարկումների՝ որոշում ընդունեցիք մեր ժողովրդի ճակատագիրը կապել երեք դիկտատորների գոյություն չունեցող դաշինքի՝ ռուսական կայսրության վերականգնման կողմնակիցների հետ», - ասված է ուղերձում:

Հանրապետության հրապարակից ԱԻՄ-ականները երթով շաժվեցին դեպի նախագահական նստավայր՝ հանձնելու ուղերձը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG