Մատչելիության հղումներ

«Կուտակայինի զոհը» 2 ամիս է աշխատանք չի կարողանում գտնել


«Կուտակայինի զոհը» 2 ամիս է աշխատանք չի կարողանում գտնել
please wait

No media source currently available

0:00 0:04:05 0:00
Պարտադիր կուտակային կենսաթոշակայինի դեմ ընդամենը մեկ անգամ բողոքի ցույցի դուրս գալուց հետո երկու երեխաների հայրը զրկվել է աշխատանքից և ընտանիքը կերակրելու հնարավորությունից:

Մետրոյի ղեկավարությունը կուտակայինի դեմ ցույցից ընդամենը երկու հետո որոշեց՝ 15 տարվա աշխատանքային փորձ ունեցող Գագիկ Գալստյանն ու իր ընկերները պարտականությունները չեն կատարում կամ ոչ պատշաճ են կատարում:


«Այնպիսի հոդվածով են մեզ ազատել, որ օրինական ոչ մի տեղ չենք կարող մտնել, իսկ անօրինական էլ՝ ոչ մեկը չի համաձայնում մեզ աշխատանքի ընդունել, կամ եթե համաձայնում են՝ շատ ցածր գներով, շատ քիչ աշխատավարձով, որը ես չեմ կարող տեղավորվել իմ սոցիալական վիճակից ելնելով», - ասում է նա:

Գալստյանի կինը նույնպես չի աշխատում: Երկու անչափահաս երեխաների՝ 9-ամյա Էրիկի և 7-ամյա Իլոնայի հետ ապրում են վարձով: Արդեն երկրորդ ամիսն է՝ վարձակալության 50,000 դրամ վճարը փողոցում հայտնվելու սպառնալիք է դարձել այս ընտանիքի համար:

Շարժասանդուղքի մեքենավար, էլեկտրիկ-փականագործը պատմում է, որ 15 տարվա ընթացքում ղեկավարության հետ երբևէ լուրջ խնդիր չի ունեցել, ճիշտ հակառակը՝ պատասխանատու աշխատանքները իրեն են վստահել: Իսկ այժմ՝ «պարտականությունները ոչ պատշաճ կատարելու» պատրվակով աշխատանքից զրկվելուց հետո էլ ընդամենը մեկ մետրոպոլիտեն ունեցող Երևանում նրա համար այլ աշխատանք գտնելը շատ բարդ է:

«Դե, որ 15 տարի նվիրվել եմ այդ աշխատանքին՝ այլ մասնագիտություններ չեմ սովորել, այլ կրթություն չեմ ստացել և մինչև հիմա էլ նվիրված եմ, շատ եմ սիրում իմ աշխատանքը, եթե աշխատանք լինի», - ասում է նա:

«Օգնողներ շատ եղան, չեմ ուրանում»,- ասում էր Գալստյանն ու թվարկում՝ «Դեմ եմ»-ի թիմը, մետրոյի հին աշխատողները, անգամ հարևան խանութների վաճառողները: Բայց արդեն ամաչում է իր կարգավիճակից, միշտ աշխատել է ու սովոր չէ այս վիճակին․ հուզմունքով ցույց է տալիս տարիների ընթացքում խնամած բույսերն ու ասում, որ հիմա արդեն ստիպված է նույնիսկ դրանք վաճառել:

Դպրոցում գերազանց առաջադիմությամբ սովորող որդին՝ Էրիկը, լողի առաջնությունում չեմպիոն է դարձել, նա հպարտությամբ ցույց տվեց իր ոսկե մեդալն ու համեստորեն լռեց, երբ հայրը պատմեց է, որ այլևս չի կարողանում երեխաներին տանել իրենց սիրած պարապմունքներին՝ լողի, երաժշտության, պարի խմբակներ:

«Հինգ տարի լողի գնալուց հետո մեդալ ունի, պատվոգրեր ունի: Ու հիմա գումարի պատճառով երեխան ամեն ինչից զրկվել է», - պատմում է Գագիկ Գալստյանը:

Իր համոզմամբ՝ անարդար կերպով գործազուրկ դարձած ընտանիքի հայրը այդուհանդերձ չի ընկճվել և փորձում է դատարանով վերականգնել ոտնահարված իրավունքներն ու սիրելի աշխատանքը:

Չնայած գրպանը դատարկ է, երեխաները զրկվել են սիրած զբաղմունքից, չնայած չունի աշխատանք՝ չի զղջում, որ միացել է կուտակայինի դեմ պայքարին․․․
XS
SM
MD
LG