Մատչելիության հղումներ

Թուրքական Sabah թերթը, վարչապետ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը համարելով «եզակի հաշտեցում», փոխանցում է, որ աշխարհում հայտնի մի շարք լրատվամիջոցներ, թերթեր և հեռուստաընկերություններ՝ Եվրոպայից մինչև ԱՄՆ, Չինաստան ու Ճապոնիա, ողջունել են Էրդողանի «պատմական ցավակցությունը»:

«Մենք ողջունում ենք մեր ցավը թեթևացնող ցավակցությունը»,- Sabah-ի փոխանցմամբ ասել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը:

Yeni Safak թերթը Էրդողանի հայտարարության միջազգային արձագանքները ներկայացում է «Աշխարհն ասաց՝ ամեն» վերնագրի ներքո՝ հավելելով, թե արքեպիսկոպոս Աթեշյանը «ամեն» է ասել Էրդողանի հայտարարությանը:

Hurriyet Daily News-ի մեջբերմամբ՝ Հայոց պատրիարքարանի հայտարարությունում նշված է, որ Էրդողանի ուղերձով «անկյունաքար դրվեց թուրքերի ու հայերի միջև կամրջի համար: Ուղերձը կարող է հայ-թուրքական կապերի նոր էջ բացել»:

«Համարձակ քայլը ճեղքեց ճահճացումը», գրում է Star թերթը, նշելով, որ Թուրքիայի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ երկրի վարչապետը կիսում է հայերի ցավը:
«Էրդողանի ցավակցությունը նոր փուլ է բացում Թուրքիայի արտաքին քաղաքականությունում»,- ընդգծել է Star-ը:

«Հիմա գնդակը գտնվում է նրանց դաշտում»,- գրում է Milliyet-ը , նշելով որ Թուրքիան ներկայացրեց իր դիրքորոշումը:

Ըստ Radikal-ի՝ երկրորդ քայլը կլինի 1915 թվականի իրադարձություններին օսմանյան հայերի զոհերի թոռներին Թուրքիայի քաղաքացիության տրամադրումը: Թերթը գրում է, որ այս հարցը քաղաքական օրակարգում է: Radikal-ը պնդում է, որ Թուրքիայի արտգործնախարարությունը քննարկելու է հայերի ժառանգներին քաղաքացիություն տրամադրելու առաջարկը:
XS
SM
MD
LG