Մատչելիության հղումներ

Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 0.2 տոկոսով


ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը կասկածի տակ է դնում Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած վերջին տվյալները, որոնց համաձայն այս տարվա առաջին եռամսյակում տնտեսության ակտիվության ցուցանիշը կազմել է 3.3 տոկոս:

Ըստ ԱՎԾ-ի՝ երեք ամիսների ընթացքում արդյունաբերական արտադրանքը մոտ 3 տոկոս նվազել է, փոխարենը աճ է գրանցվել գյուղատնտեսության և շատ չնչին՝ շինարարության ոլորոտներում, որտեղ վերջին տարիներին անկում էր արձանագրվում:

Պաշտոնական վիճակագրությամբ, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ արտահանումն աճել է 1.8, իսկ ներմուծումը՝ 0.2 տոկոսով: Այս ցուցանիշները տնտեսագետ Վահագն Խաչատրյանին անհանգստացնում են:

«Այն, ինչը կառավարությունը որպես հիմնական ուղղություն էր համարել՝ արտահանմանը միտված տնտեսություն, տեսնում ենք, որ ընդամենը 1.8 տոկոս․․․ Կարելի է ասել, որ այստեղ աճ չկա, և սա շատ անհանգստացնող է։ Ներմուծման հետ կապված ես հասկանում եմ, որ սա պայմանավորված է երկու հանգամանքով․ առաջինը, որ քաղաքացիները վճարունակ չեն, և երկրորդը՝ պարզապես քաղաքացիները պարզապես այն հաշվարկները, որ կատարվել են Հայաստանի ազգաբնակչության հետ կապված, այդ հաշվարկները չեն համապատասխանում, որովհետև արտագաղթողների թիվն է մեծ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանը:
Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Տնտեսագետը մտահոգիչ է համարում նաև առաջին եռամսյակում էլեկտրաէներգիայի արտադրության 5.5 տոկոսով նվազումը՝ հատկապես հաշվի առնելով հանգամանքը, որ տարվա առաջին երեք ամիսները աչքի ընկան ցուրտ եղանակով․ - «Սա նշանակում է, որ էլի երկու հանգամանք կա․ կա՛մ մարդիկ հանրապետությունում չեն, կա՛մ մարդիկ որոշել են խնայողություններ անել, որի պատճառով կա՛մ սառում են, կա՛մ շատ մթության մեջ են ապրում։ Սա էլ լավ ցուցանիշ չէ»:

«Միշտ տարօրինակ է, երբ հունվար - փետրվար - մարտ ամիսներին գյուղատնտեսության աճ է նկատվում», - ասում է Վահագն Խաչատրյանը՝ կասկածի տակ դնելով ոլորտում արձանագրված 5.2 տոկոս աճի ցուցանիշը․ - «Երբ քննարկում էինք, վերլուծում էինք՝ կարո՞ղ էր արդյոք սա տեղի ունենալ ջերմոցային տնտեսության արտադրության հաշվին, պարզվեց, որ հակառակը․ այս տարի ջերմոցային տնտեսությունների արտադրական ծավալներն ավելի փոքր են եղել: Այսինքն՝ շատ կասկածելի թիվ է, որը հնարավորություն է տվել ապահովել 3.3: Եվ ինչո՞ւ են գյուղատնտեսությունն օգտագործում: Որովհետև գյուղատնտեսության մեջ հաշվառման այն մեթոդոլոգիան, որ օգտագործվում է, երբեք իրական վիճակը չի տալիս»:

Վահագն Խաչատրյանը ուշագրավ է համարում նաև այն հանգամանքը, որ սպառողական գների ինդեքսը 4.6 տոկոս է, իսկ տնտեսության ակտիվության ցուցանիշը ավելի ցածր՝ 3.3 տոկոս․ - «Ընդհանրապես եթե գնաճը միշտ տնտեսության աճին գերազանցում է, նշանակում է իրականում տնտեսական աճ չկա»:

Տնտեսագետի ամփոփմամբ՝ թեև առաջիկայում կհրապարակվեն եռամսյակային ցուցաշիների ամփոփիչ տվյալները, որտեղ նաև նշված կլինի, թե որքան է կազմել համախառն ներքին արդյունքը, այդուհանդերձ, այս թվերը վկայում են, որ տնտեսությունը ճգնաժամային վիճակում է: Նա հավելեց, որ նախորդ կառավարությունը միանշանակ ձախողել է տնտեսական քաղաքականությունը:

Տրամագծորեն հակառակ համոզմանն է Ազգային Ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը (ՀՀԿ), ում համոզմամբ՝ նախորդ կառավարությունը տնտեսական ձախողումներ չի ունեցել:

Խոսելով տնտեսության առաջին եռամսյակի տվյալների մասին՝ Մինասյանն ասաց․ - «Միշտ առաջին եռամսյակը առավել նվազ ակտիվություն է ունենում: Այս տարվա առաջին եռամսյակը ևս բացառություն չէ: Եվ ես կանխատեսում եմ, որ երկրորդ եռամսյակից սկսած` այդ տենդենցը կխորանա, և, ըստ էության, մենք կմոտենանք այն ցուցանիշներին երկրորդ եռամսյակում, որը որ նախատեսված էր ամբողջ տարվա համար»

Հարցին, թե այդ դեպքում ինչով է պայմանավորված էկոնոմիկայի նախարարի պաշտոնում Վահրամ Ավանեսյանի փոխարեն Կարեն Ճշմարիտյանի նշանակումը, Մինասյանը պատասխանեց, թե զարգացումների նոր փուլում նոր լուծումներ են անհրաժեշտ և այդ նոր լուծումները նոր կադրեր են պահանջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG