Մատչելիության հղումներ

Կուտակայինի հարցում Աշոտյանը դեռ առաջնորդվում է նախորդ կառավարության դիրքորոշմամբ


Կրթության և գիտության նախարարը զրուցում է լրագրողների հետ, ապրիլ, 2014թ․

Կրթության և գիտության նախարարը զրուցում է լրագրողների հետ, ապրիլ, 2014թ․

Կրթօջախների աշխատակիցները պատրաստվում են վաղը դուրս գալ բողոքի ակցիայի:

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը ապրիլի 23-ին փաստաթուղթ է ստորագրել, որով, հղում անելով կառավարության աշխատակազմի ապրիլի 15-ի գրությամբ վարչապետի պաշտոնակատարի հանձնարարականին, նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր հիմնարկներին՝ քոլեջներին, դպրոցներին, բուհերին և այլն, կոչ է անում ի գիտություն ընդունել կառավարության միասնական դիրքորոշումը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի շուրջ Սահմանադրական դատարանի կայացրած որոշման վերաբերյալ:

Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ «օրենքի մի շարք դրույթներ մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակավորապես պահպանում են իրենց իրավաբանական ուժը, այսինքն գործում են, իսկ որոշմամբ սահմանված վերահաշվարկման պահանջը վերաբերում է մինչև սեպտեմբերի 30-ը կատարած և կատարվելիք կուտակային վճարներին»:

Նախարարը ընդգծում է, որ «մինչև սեպտեմբերի 30-ը ամբողջությամբ գործում է նաև օրենքի 76-րդ հոդվածը»:

Հիշեցնենք, որ փաստաթուղթը Աշոտյանը ստորագրել է ապրիլի 23-ին՝ նույն օրը, երբ կառավարության նիստի ժամանակ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ պարտադիր կուտակային վճարներ չկատարելու դեպքում կուտակային կենսաթոշակների մասին օրենքով (հոդված 76) սահմանված տույժերը կասեցնելու նախաձեռնությամբ։ Փաստաթղթում չկա որևիցե անդրադարձ նորանշանակ վարչապետի այս դիրքորոշման և կառավարության՝ Ազգային ժողով ուղարկած օրենքի նախագծի վերաբերյալ:

«Ազատություն» ռադիոկայանը հարցում հղեց նախարարությանը՝ պարզելու, թե ինչու այս գերատեսչությունը իր ենթակայության տակ գտնվող կառույցներին ուղղված կոչում հիմք է ընդունել նախկին վարչապետի դիրքորոշումը և ոչ մի անդրադարձ չի արել գործող վարչապետի հայտարարությանը և կառավարության՝ խորհրդարան ուղարկած օրենքի նախագծին:

Ստորև ներկայացնում ենք կրթության և գիտության նախարարության պատասխանը ամբողջությամբ․ - «Ի պատասխան զանգվածային լրատվամիջոցների հարցումների՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է. նախորդ կառավարության միասնական դիրքորոշումը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի շուրջ ՍԴ-ի կայացրած որոշման վերաբերյալ, որը հայտարարվել է ապրիլի 3-ի ՀՀ կառավարության համապատասխան նիստում, Կրթության և գիտության նախարարությունը շրջաբերական նամակով, որպես ի գիտություն, տեղեկացրել է ուսումնական հաստատություններին: Նոր կառավարության դիրքորոշումը, տվյալ խնդրի առնչությամբ, նույնպես պատշաճ կերպով կտեղեկացվի նախարարության ենթակայության համապատասխան կառույցներին»:

Հավելենք, որ կրթօջախների աշխատակիցները պատրաստվում են վաղը դուրս գալ բողոքի ակցիայի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG