Մատչելիության հղումներ

«Պուտինը վրեժխնդիր է լինում անձնական վիրավորանքի համար»


Միխայիլ Խոդորկովսկին «Ուկրաինա - Ռուսաստան. երկխոսություն» համաժողովի ժամանակ, Կիև, 24-ը ապրիլի, 2014թ․

Միխայիլ Խոդորկովսկին «Ուկրաինա - Ռուսաստան. երկխոսություն» համաժողովի ժամանակ, Կիև, 24-ը ապրիլի, 2014թ․

Խոդորկովսկի համոզմամբ՝ Պուտինին վիրավորել է Ուկրաինայի հեղափոխությունը:

Հինգշաբթի օրը խիստ սրվել է իրավիճակը Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանի մերձակա շրջաններում։

Ուկրաինացիները հակաահաբեկչական գործողություն են սկսել երկրի արևելյան շրջաններում, կան զոհեր։

Ռուսական բանակն էլ զորավարժություններ է սկսել Ուկրաինայի սահմանի մոտ։ Ընդ որում, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ այդ զորավարժություններն ուղղակիորեն կապված են ուկրաինացիների հայտարարած հակաահաբեկչական գործողության հետ։

Ուկրաինացիները երեկ երեկոյան դադարեցրել են գործողությունը, բայց միաժամանակ Մոսկվայից պահանջել են դադարեցնել զորավարժությունները։ Այդ մասին ասել է նախագահի պաշտոնակատար Օլեքսանդր Տուրչինովը։

«Մենք պահանջում ենք Ռուսաստանի Դաշնությունից դադարեցնել միջամտությունը Ուկրաինայի ներքին գործերին, վերջ տալ անդադար սադրանքներին և հեռացնել զորքը մեր երկրի արևելյան սահմանից», - հայտարարել է Տուրչինովը։

Նույն օրը Ռուսաստանի նախագահը Սանկտ Պետերբուրգում դատապարտել է Կիևի իշխանություններին, ասելով, թե «սեփական ժողովրդի դեմ բանակ օգտագործելը հանցագործություն է, որը հետևանքներ կունենա»։

Մինչդեռ, երեկ Կիևում տեղի է ունեցել «Ուկրաինա - Ռուսաստան. երկխոսություն» համաժողովը, որի նախաձեռնողներից է նախկին քաղբանտարկյալ, ՅՈւԿՕՍ ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկին։ Նա ասել է, թե որոշել է համաժողովն անցկացնել Կիևում, որովհետև ցանկանում է իր համերաշխությունը հայտնել Ուկրաինային և կտրականապես դեմ է այդ երկրի նկատմամբ Ռուսաստանի վարած քաղաքականությանը։

Խոդորկովսկու խոսքերով՝ կրեմլյան ռեժիմը խանգարում է Ուկրաինայի ժողովրդին ինքնուրույն ապրել։

«Ուկրաինայի համար հիմա ծանր է, բայց ես համոզված եմ, որ մեկ տասնամյակում երկու հեղափոխություն անցած և Մայդանում գնդակների տարափին դիմացած ժողովուրդը պատրաստ չէ կորցնել պետականությունը, ուստի ես ոչ միայն մտահոգության, այլև լավատեսության առիթ ունեմ», - ասել է Խոդորկովսկին։

Բայց ի՞նչն է դրդում Կրեմլին այս ագրեսիվ գործողություններին․ Միխայիլ Խոդորկովսկին ի շարս այլ հանգամանքների նշել է վրեժխնդիր լինելու Պուտինի ցանկությունը։

«Մեզ` ռուսներիս համար ամենատխուր բանն այն է, որ նախագահ Պուտինը հիմա ոչ թե Ռուսաստանի ռազմավարական, գլոբալ խնդիրներն է լուծում, նա` այս անգամ Ուկրաինայում, չարաշահելով պաշտոնական դիրքը, նորից փորձում է վրեժ լուծել անձնական վիրավորանքի համար», - ասել է նա։

Ռուսական բանտերում երկար տարիներ անցկացրած և Արևմուտքում ապաստանած Խոդորկովսկու համոզմամբ՝ Պուտինին վիրավորել է Ուկրաինայի հեղափոխությունը, նախագահ Յանուկովիչի և նրա կաշառված շրջապատի արտաքսումը։

«Ինչո՞ւ է նա վիրավորված՝ որովհետև ակնհայտ է զուգահեռը Ուկրաինայում և Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների միջև», - հայտարարել է Խոդորկովսկին:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG