Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ «Մեր պետականաշինության հիմքում ընկած են համաեվրոպական արժեքները»


Չեխիա - Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցները, Պրահա, 24-ը ապրիլի, 2014թ․
Չեխիա - Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցները, Պրահա, 24-ը ապրիլի, 2014թ․
Հայ - թուրքական հարաբերությունների չկարգավորված լինելը և Եվրոպայի վերջին փակ սահմանը շարունակում են մնալ համաեվրոպական անվտանգության խոցելի բաղադրիչներից մեկը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ հինգշաբթի օրը Պրահայում ելույթ ունենալով Եվրամիության Արևելյան գործընկերության հինգերորդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը:

«Պարադոքսալ է, բայց փաստ՝ Եվրամիությանը անդամակցության հավակնող Թուրքիան զմռսել է հարևան երկրի սահմանը, երբ Եվրոպական միությունում սահմաններն արդեն վաղուց պատմություն են դարձել, իսկ ազատ տեղաշարժը՝ հիմնարար սկզբունք», - ընդգծել է Սարգսյանը:

«Այսօր ես Պրահա եմ ուղևորվել Հայոց ցեղասպանության հուշահամալիրից, որտեղ հարգանքի տուրք մատուցեցինք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: 1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում հարյուրավոր հայազգի մտավորականների` գրողների, նկարիչների, արվեստագետների, բժիշկների, հասարակական գործիչների ձերբակալությամբ և սպանդով սկսվեց Օսմանյան կայսրության կողմից նախապես ծրագրված և պետական մակարդակով իրագործված ոճրագործությունը, որը մարդկության պատմությանը հայտնի է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն», - ասել է Հայաստանի նախագահը՝ շարունակելով․ - «Այսօր ես ցանկանում եմ շնորհակալական խոսք հղել այն պետություններին, կազմակերպություններին և անհատներին, որոնք օգնության ձեռք են մեկնել մեզ համազգային ողբերգության ժամանակ, ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ևս մեկ անգամ կարևորում եմ այս աննախադեպ ոճրի ճանաչումն ու դատապարտումը միջազգային հանրության կողմից»:

«Մենք հանձնառու ենք աշխարհի բոլոր ցեղասպանությունների ճանաչման ու դատապարտման գործին և մշտապես ակտիվորեն աշխատում ենք միջազգային ասպարեզում ուժեղացնելու ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համագործակցությունն ու իրավական գործիքները: ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանը նախաձեռնել և հեղինակել է մի շարք բանաձևեր՝ ուղղված ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի իրավական հիմքերի ամրապնդմանը», - նշել է Սերժ Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ Եվրամիությանն անդամակցության ձգտող Թուրքիան շարունակում է խույս տալ սեփական անցյալի հետ առերեսվելուց, խուսանավել պատասխանատվությունից և տասնամյակներ շարունակ իր ժխտողականության քաղաքականությամբ խեղաթյուրել պատմությունը, ավելին՝ Թուրքիան ջանք չի խնայում ժխտողականությունը տարբեր մեթոդներով պարտադրելու նաև այլ երկրների:

«Այսօր, Թուրքիայի հազարավոր քաղաքացիներ, որոնց շարքերը տարեցտարի ստվարանում են, չնայած հետապնդումներին և հալածանքներին, մերժում են Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը և կանգնում ճշմարտության կողքին: Սեփական պատմության հետ առերեսումը և դրա հետևանքների գիտակցումը հաշտեցման կարևոր գրավականն է: Մենք հավատում ենք, որ հաշտեցման կարևոր գրավական է նաև մարդկային շփումների խթանումը: Ցավոք, դա գրեթե անհնարին է, երբ առկա են արհեստական խոչընդոտներ, երբ փակ է սահմանը», - ասել է Հայաստանի նախագահը:

Արևելյան գործընկերությունը՝ «ոչ թե բաժանարար պատ, այլ միացնող կամուրջ»


«Հինգ տարի առաջ հենց այստեղ` Պրահայում, մեկնարկեց Արևելյան գործընկերություն կոչվող մեր համատեղ ճամփորդությունը, որն ընդլայնեց և լրացրեց համաեվրոպական արժեքային համակարգի վրա հիմնված Եվրոպական միության հետ մեր համագործակցության օրակարգը», - հիշեցրել է Սերժ Սարգսյանը:

«Համաեվրոպական արժեքներ ասելով՝ մենք առաջին հերթին հասկանում ենք ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը: Եվ հենց այս արժեքներն են ընկած մեր պետականաշինության հիմքում՝ հանդիսանալով մեր երկրի հետագա զարգացման տեսլականի հիմնական ուղեցույցը», - վստահեցրել է Հայաստանի նախագահը՝ շարունակելով․ - «Անցած հինգ տարիների ընթացքում Արևելյան գործընկերության հովանու ներքո իրականացված բարեփոխումների գործընթացն էապես ամրապնդել է ժողովրդավարության զարգացումը Հայաստանում: Շոշափելի առաջընթաց է գրանցվել նաև կոռուպցիայի դեմ պայքարում, ազատ և արդար ընտրությունների, ազատ տնտեսական մրցակցության ապահովման, պետական կառույցների գործունեության թափանցիկության բարձրացման, դատական համակարգի անկախության ապահովման, քաղաքացիական հասարակության զարգացման գործում: Միաժամանակ մենք գիտակցում ենք, որ դեռ շատ անելիքներ ունենք եվրոպական մոդելի իրական ժողովրդավարության կայացման համար»:

Արևելյան գործընկերության շրջանակներում Սերժ Սարգսյանը առանցքային ձեռքբերում է համարել մարդկային շփումների խրախուսումը, այդ առումով առանձնացնելով մուտքի արտոնագրերի ոլորտում գրանցված առաջընթացը, վիզաների դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերի ուժի մեջ մտնելը:

«Ուկրաինական ճգնաժամը ցույց տվեց, որ առանց ներկա իրավիճակի արմատական պատճառները հասկանալու՝ Արևելյան գործընկերության հետագա ընթացքը կարող է կասկածի տակ առնվել: Հայաստանը միացել է Արևելյան գործընկերությանը խորին համոզմամբ, որ այն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ: Մենք մնում ենք այդ համոզման», - հայտարարել է Հայաստանի նախագահը:

«Այս նախաձեռնությունն ունի բոլոր նախադրյալները տարածաշրջանում ոչ թե բաժանարար պատ, այլ միացնող կամուրջ դառնալու համար: Անհրաժեշտ է երկխոսության ճանապարհով գտնել տարածաշրջանի բոլոր շահառուների հետաքրքրությունները հաշվի առնող լուծումներ», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG