Մատչելիության հղումներ

Օլանդը մասնակցեց Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը Փարիզում


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մասնակցում է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը, Փարիզ, 24-ը ապրիլի, 2014թ․

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մասնակցում է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը, Փարիզ, 24-ը ապրիլի, 2014թ․

Ֆրանսիայի նախագահը ջերմ ընդունելության արժանացավ հայ համայնքի ներկայացուցիչների կողմից:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում՝ Կոմիտասի արձանի մոտ, մասնակցեց ֆրանսահայերի կազմակերպած ոգեկոչման միջոցառմանը:

Օլանդը ժամանեց ճիշտ նախատեսված ժամին և ամենից առաջ ծաղկեպսակ զետեղեց Կոմիտասի արձանի տակ:

Նախ խոսեցին Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավարները, որոնք ողջունեցին Ֆրանսիայի նախագահին, ինչից հետո խոսք վերցրեց ինքը Օլանդը:

Նա իր ելույթը սկսեց Կոմիտասից՝ ասելով, որ Կոմիտասը կրել է այն դժբախտ ճակատագիրը, որ ունեցել են այստեղ հավաքված ընտանիքների նախնիները: Այն, ինչ կրել է Կոմիտասը և մյուս հայերը Օսմանյան կայսրությունում 1915 թվականին, մի ողբերգություն է, որը չի կարելի այլ կերպ անվանել, քան իսկական, բուն բառով՝ genocide (ցեղասպանություն), ընդգծեց Ֆրանսիայի նախագահը:

Օլանդը ասաց, որ Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես, և ինքը մասնակցել է այդ օրենքի ընդունման աշխատանքներին:

Ապա նա խոսեց ժխտողականության դեմ՝ ասելով, թե բոլոր այն քայլերում, որ կանեն ֆրանսահայ կազմակերպությունները, ինքը կլինի միշտ նրանց կողքին:

Ֆրանսուա Օլանդը, սակայն, չհստակեցրեց, թե երբ նորից խորհրդարանում կհայտնվի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Ֆրանսիայի նախագահը խոսեց նաև իր կողմից խոստացված և այժմ իրականացվող՝ հիշողության, հայկական մշակույթի կենտրոնի ստեղծման ծրագրի մասին:

Վերջում Ֆրանսիայի նախագահին շատ ծափահարեցին, նա անցավ շարքերի միջով և ձեռքեր սեղմեց, և ընդհանրապես նրան շատ լավ և ոգևորությամբ ընդունեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG