Մատչելիության հղումներ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը քննադատում է նախագահ Բարաք Օբամային, ով ապրիլքսանչորսյան իր ամենամյա ուղերձում այս տարի ևս խուսափեց օգտագործել ցեղասպանություն բառը՝ փոխարենը գործածելով Մեծ եղեռն բառակապակցությունը:

«Այսօր մենք հիշատակում ենք Մեծ եղեռնը և նրանց, ովքեր զոհվեցին 20-րդ դարի ծանրագույն նախճիրներից մեկի ժամանակ»,- ասված է Միացյալ Նահանգների նախագահի ուղերձում։

Ի պատախան Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը այսօր տարածած հայտարարությամբ շեշտել է, որ ԱՄՆ-ի նախագահը շարունակում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր քաղաքականությունը՝ «Թուրքիային հնարավորություն տալով արգելափակել Ամերիկայի պատասխանը՝ մարդկության դեմ ուղղված հանցագործության առնչությամբ»։

«Տխուր է տեսնել, որ մեր նախագահը, ով պաշտոնը ստանձնելիս խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այժմ աջակցում է օտարերկրյա պետության լռության քաղաքականությանը և լռեցնում է մեր պետության խոսքը մի ցեղասպանության մասին, որն այդքան մանրամասն վավերագրված է մեր ազգային արխիվներում»,- ասված է հայտարարությունում։

«Փաստն այն է, որ հայ-թուրքական հարաբերությունների ցանկացած երկարատև բարելավում պահանջում է, որ Անկարան վերջ տա իր ժխտողականությանը, ընդունի իր բարոյական և նյութական պատասխանատվությունը և համաձայնի ողջ մարդկության դեմ ուղղված ու անպատիժ մնացած այս հանցագործության վերաբերյալ միջազգային բանաձևի ընդունմանը»,- շարունակում է Արամ Համբարյանը։

Հայտարարությունում Ամերիկայի Հայ դատի հանձնախումը նաև հիասթափություն է արտահայտում Օբամայի հայտարարության առնչությամբ.- «Թեև մենք փաստում ենք, որ նախագահը միացել է այսօրվա ազգային հիշատակմանը, սակայն խորապես հիասթափված ենք, որ նա ևս մեկ անգամ դրժեց իր խոստումը և հետևեց նախորդ նախագահների դիրքորոշմանը։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Հայոց ցեղասպանության և մյուս բոլոր ցեղասպանությունների հարցում ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականությունը ամերիկացի ժողովրդի մարդասիրական ոգուն և հիմնարար արժեքներին համապատասխանեցնելու աշխատանքին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG