Մատչելիության հղումներ

Էրդողանի հայտարարությունը «ժխտման ու քողարկման հերթական՝ ավելի կատարելագործված դրսևորում է»


ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքը պատմություն չէ, քանի որ լիարժեքորեն շարունակվում է արդի քաղաքականության մեջ։

«Փորձելով Թուրքիայի վարչապետի հայտարարության մեջ տեսնել պատմությանն առերեսվելու առաջին փորձ՝ ցավով պետք է փաստենք, որ այն Հայոց ցեղասպանության հանցագործության ժխտման ու քողարկման հերթական՝ թերևս ավելի կատարելագործված դրսևորում է». «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ արձագանքելով ապրիլի 24-ին ընդառաջ Թուրքիայի վարչապետ Էրդողանի անսպասելի հայտարարություններին։

Թուրքիայի վարչապետը, հիշեցնենք, 1915 թվականի իրադարձությունները որակելով «ընդհանուր ցավ», Թուրքիայի պետության անունից ցավակցություն է հայտնել այն հայերի թոռներին, ովքեր «կորցրել են իրենց կյանքը 20-րդ դարի սկզբին»։

Էրդողանը ընդգծել է, որ Առաջին աշխարհամարտի դեպքերի պատճառով տեղի ունեցած տեղահանությունը չպետք է հայերի և թուրքերի միջև «մարդկային հարաբերությունների և վարքագծի խոչընդոտ հանդիսանա»: Նա միաժամանակ անընդունելի է համարում 1915 թվականի իրադարձությունները որպես քաղաքական լարվածության միջոց օգտագործելը:

Վիգեն Սարգսյանի համոզմամբ, այս հայտարարությունը պարունակում է «թուրքական քարոզչամեքենայի արդեն բոլորին հայտնի նույն թեզերը, զոհին ու դահճին նույն հարթության մեջ դիտարկելը, պատճառահետևանքային կապի խեղաթյուրումը, բոլորին հայտնի պատմական իրականության վերանայման գործիքների ձևավորման կոչը»։

«Իրականում Թուրքիայից այլ բան է պահանջվում․ ճանաչել պատմությունը և աներկբայորեն դատապարտել դրանում առկա հանցանքները։ Անհրաժեշտ է հստակ մատնանշել կոնկրետ քաղաքականության մշակողներին և իրականացնողներին», - նշում է նախագահի աշխատակազմի ղեկավարը։

Պատմությունը թշնամանքի և քաղաքական հակասության չվերածելու՝ Էրդողանի կոչերին Վիգեն Սարգսյանը հակադարձում է, որ հայերի և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքը պատմություն չէ, քանի որ լիարժեքորեն շարունակվում է արդի քաղաքականության մեջ։

«Դրա դրսևորումն են Հայաստանի ապօրինի շրջափակումը և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունը միջազգային ատյաններում», - ասում է նա։

Երկխոսության կոչերի մասով Վիգեն Սարգսյանը հիշեցնում է, որ թուրքական կողմը հետ կանգնեց ցյուրիխյան արձանագրություններից, որոնցում երկխոսությունն իր ձևակերպումն էր գտել․ - «Հայաստանի Հանրապետության նախագահը իր ուղերձում նշել է՝ «Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը չի կարող այլևս բառերով չափվել, իսկ արձանագրությունների վավերացման «ողջամիտ ժամկետներ» ձևակերպումն ավելի քան արդիական է դառնում»:

Հայաստանի արտգործնախարարությունից «Ազատությանը» պատասխանեցին, որ Վիգեն Սարգսյանի հայտարարությունը արտահայտում է պաշտոնական Երևանի դիրքորոշումը։

Ընդդիմադիր Դաշնակցությունը ևս առավելապես «քարոզչական ենթատեքստ» է տեսնում Ռեջեփ Էրդողանի հայտարարություններում՝ ընդգծելով, որ այստեղ որևէ խոսք չկա 1915 թվականին Թուրքիայի գործողությունների մասին:

«Ուզում է ներկայացնել, որ եղել է համաշխարհային պատերազմ, ընդհանուր բոլորի համար ցավ է դա, մեծ պատերազմական գործողություն էր, որտեղ նաև տուժել են հայերը։ Սա է իր մոտեցումը, որը բացարձակապես կապ չունի ցեղասպանական քաղաքականության իրական պատկերի հետ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: - «Երկրորդ համաշխարհային պատերազմն էլ է եղել, և շատ զոհեր են եղել, բայց առանձնաբար Հոլոքոստն է արձանագրվել, չէ՞, որպես կոնկրետ ցեղասպանական քաղաքականություն՝ ուղղված հրեաների դեմ։ Ճշմարտությունը պետք է կարողանալ բաց աչքով տեսնել։ Ողջունելի է, որ վերջապես հասկանում են, որ ողբերգություն է տեղի ունեցել, որի համար պետք է ցավակցել, առնվազն մարդկային առումով դա կարևոր է: Բայց կարծում եմ, որ ավելի շատ քարոզչական իմաստ ունի, որովհետև դրան պետք է հաջորդի ճիշտ գնահատումը»։

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը կապ է տեսնում Էրդողանի այս հայտարարության և նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում հայերին այդ ծանր օրերին ձեռք մեկնած թուրքերին ուղղված երախտիքի խոսքերի միջև։

«Այդ հայտարարությունները չէին կարող պատահական լինել, դա ըստ էության ռևերանսներ են, որոնք բանակցվել են։ Այսինքն ակնհայտ է, որ եղել է հայ-թուրքական դիվանագիտական մի գործընթաց, որը նախորդել է ապրիլի 24-ի օրվան, և փոխադարձ պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ նման հայտարարություններ անեն ընդառաջ իրար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց նա։

Հարցին՝ այսինքն գաղտնի բանակցային գործընթա՞ց է եղել, Զուրաբյանը պատասխանեց. - «Մի րոպե չեմ կասկածում։ Դա նորություն չէ, հայ-թուրքական կարգավորման այս գործընթացը շատ հաճախ գաղտնի դիվանագիտության էտապներ է ունեցել։ Հայտարարությունը, բնականաբար, թուրքերը չեն արել միակողմանի, այլ փորձել են ստանալ նման մի ռևերանս Հայաստանի կողմից, որի նպատակը այն է՝ ցույց տալ աշխարհին, որ հայ-թուրքական պրոտոկոլները վերջնականապես թաղված չեն, հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է։ Եվ նորից հասկանալի չէ, թե, լավ, եթե նման գործընթաց կա, Հայաստանը վերջապես ստանալո՞ւ է այն, ինչ որ ինքը ի սկզբանե պետք է ստանար, այսինքն՝ հայ-թուրքական սահմանի բացումը։ Փաստորեն մի գործընթացի մեջ ենք մտել, որտեղ նորից շահում է Թուրքիան, և մինչև վերջ չի երևում Հայաստանի շահը»։
XS
SM
MD
LG