Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանի հետ այսօր Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հարգելու էին եկել նաև կառավարության անդամներ, ոմանք պաշտոնավարման հրամանագիրը տեսած, հանգիստ շունչ քաշած, ոմանք դեռ սպասող, շատերը՝ պաշտոնին հրաժեշտ տալուն համակերպված։

Կառավարությունում դեռ նախարարական ինը պոտենցիալ աթոռ կա։ Տասն արդեն զբաղված են։ Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանի աշխատանքային հեռանկարը իրեն էլ է անհայտ։

Նշանակման թերևս հաջորդ օրվանից՝ ԱՕՔՍ-ի նախկին ռեֆերենտ, ավագ ռեֆերենտ, բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար, առաջին փոխնախագահ, ապա խորհրդի նախագահ Հասմիկ Պողոսյանի մասին մամուլը գրում էր՝ շուտով հրաժեշտ կտա պաշտոնին։ Արդեն ութ տարի մամուլը սխալվում է։ Հայաստանի երկու նախագահների հետ աշխատած, մշակույթի նախարարի պաշտոնում վերանշանակված Հասմիկ Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ ո՞րն է երկարակյաց պաշտոնյա լինելու գաղտնիքը։

«Լրագրողները այսօր անընդհատ իմ տրամադրությունը կոտրում են... ես չեմ կարող տալ Ձեր հարցի պատասխանը, կարող եմ միայն ասել այն, ինչ ինձ է վերաբերում։ Կար ժամանակ, երբ ոչ մեկը խնդիրներից չէր խոսում, որովհետև չէինք էլ զբաղվում այդ խնդիրներով, ժամանակ չունեինք, պահը չէր եկել... սկսեցինք զբաղվել, զբաղվեցինք ու հասկացանք, որ շատ խնդիրներ կան։ Ինչքան փորեցինք, այդքան խնդիրներ դուրս եկան։ Միայն մշակութային ժառանգության պահպանության հատվածը, եթե ուրիշ բանի մասին էլ չխոսեմ, ոչ հինգ, ոչ տասը, ոչ էլ հիսուն, ոչ էլ հարյուր տարվա խնդիրներ են»,- ասաց Պողոսյանը։

Բնապահպանության նախկին նախարար, «Գլոբալ գոլդ մայնինգ»-ի գործով կոռուպցիոն սկանդալի մեջ ընկած Վարդան Այվազյանը դեմ չէր վերադառնալ նախկին պաշտոնին։

«Ամենայն լրջությամբ, մինչև հիմա ես մամուլից եմ իմանում, թե ուր եմ գնում։ Երեկ մամուլը արդեն մարզպետ էր ուղարկել։ Կուսակցություն, քաղաքական ղեկավարությունը, եթե ցանկանում է ինձ այտեղ տեսնել, ես պատրաստ եմ։ Այդտեղ ասելով գործադիրը նկատի ունեմ»,- ասաց Այվազյանը։

Հովիկ Աբրահամյանի նշանակման օրը Հանրապետականի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել էր՝ Սերժ Սարգսյանը նոր վարչապետին լիազորել է վարել կադրային ազատ քաղաքականություն, բայց առանց խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքի։ Գործադիրի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո մինչ օրս կառավարություն ընդամենը չորս նոր անձ է մտել, չորսն էլ իշխանություններին ոչ անծանոթ։

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյան և էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյան. Աբրահամյանը նրանց հետ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին՝ նախարար եղած ժամանակ է աշխատել։

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյան՝ նա Հյուսիսային պողոտայի հղացողն է։ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյան՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրենն է։ Նրա ղեկավարած հաստատության բացմանն անցած տարի Սերժ Սարգսյանն անձամբ է ներկա գտնվել։

Աբրահամյանի նշանակումից հետո թափուր է պետության երկրորդ՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը։ Հանրապետականներն ասում էին՝ ամենահավանական թեկնածուն ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբայրն է՝ պատգամավոր Կարեն Կարապետյանը։ Այս պահի դրությամբ Կարապետյանը որևէ պաշտոնի հավակնություն չունի, մի քանի օր է նման բովանդակությամբ հայտարարություններ է տարածում պատգամավորի գրասենյակը։

Քանի դեռ Կարապետյանը չի պլանավորում դառնալ հանրապետության երկրորդ պաշտոնյան, ՀՀԿ-ում այժմ էլ ասում են՝ առաջիկա երկուշաբթի մեկնարկելիք քառօրյայում առաջադրելու են Գալուստ Սահակյանի թեկնածությունը։

Մի քանի օր առաջ Սահակյանն «Ազատությանը» ասել էր՝ նման հարցերում ինքը նախաձեռնող չէ, բայց եթե լուրջ առաջարկ ստանա, չի հրաժարվի։
XS
SM
MD
LG