Մատչելիության հղումներ

Թուրք գիտնական․ «Ցեղասպանությունը շարունակվում է, քանի որ մենք մերժում ենք այն»


Թուրքիայից ժամանած Սուզան Քլայջան ոչ մեծաթիվ թուրքերից մեկն է, ով ճանաչում է հայերի ցեղասպանությունը։

«Որքան թուրքեր 1915-ին փորձում էին օգնել հայերին փրկվել ջարդից, այդքան թուրքեր էլ արդեն այսօր բարձրաձայնում այդ մասին», - ասում է Սուզանը։

«Ես հավատում եմ, որ մենք պետք է խոսենք այս մասին, քանի որ ցեղասպանության մերժումը հավասարազոր է ցեղասպանությանը։ Ըստ իս՝ ցեղասպանությունը շարունակվում է, քանի որ մենք մերժում ենք այն», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ բոլորը, անկախ նրանից, թե ինչ ազգի ներկայացուցիչներ են, պետք է հասկանան, որ տեղի է ունեցել առաջին ազգային բնաջնջումը։

Սուզանը Հայաստանում առաջին անգամը չէ․ երկու տարի առաջ այստեղ է եկել հոր հետ, ով դեռ վաղ տարիքում նրան պատմել է, որ դարասկզբի վերաբերյալ Թուրքիայի դասագրքերի շարադրանքը հեռու է իրականությունից, և որ իրականում թուրքերը կոտորել են 1.5 միլիոն հայերի։

«Ես և հայրս գնացինք հուշահամալիր, ծաղիկներ դրեցինք զոհերի հուշակոթողին, հետո գնացինք Փարաջանովի տուն-թանգարան, ինչը շատ կարևոր էր հորս համար, հետո ասացինք, այ հիմա արդեն պատրաստ ենք հանդիպել հայերին ու շփվել նրանց հետ», - ասում է Սուզանը։

«Ես հետազոտում եմ մի թեմա, որ անթիվ անհամար անգամներ ապացուցվել է վերջին 99 տարում, բայց իմ երկրում ես համարվում եմ ակտիվիստ, թեև ընդամենը խոսում եմ պատմական իրադարձությունների մասին, բարդ իրավիճակ է», - նշում է նա։

«Թե ինչ կստորագրեն ու ինչ որոշումներ կկայացնեն Թուրքիայի բարձրաստիճան այրերը այնքան էլ կարևոր չէ, կարևոր է, որ թուրքական հասարակությունը ճանաչի ու չժխտի տեղի ունեցածը», - ասում է Սուզանը։

Հարցին, թե քանի տարի է պետք, որպեսզի փոխվի հասարակությունը, պատասխանում է. - «Պետք է ասել ոչ թե տարի, այլ սերունդ»:

«Հիմա փոփոխություններ տեղի են ունենում. 2005-ին մենք հայերի ցեղասպանության թեմայով գիտաժողով էինք անցկացնում փակ դռների ետևում, անցյալ շաբաթ Ստանբուլում մեր գիտաժողովի լսարանը մոտ 250 մարդուց էր բաղկացած, և մեր դռներ էլ բաց էին, դա պատմական իրադարձություն էր։ Միայն մի հոգի ասաց, որ ոչ մի ցեղասպանություն էլ չի եղել, այն էլ ոչ թե գիտնականներից այլ լսարանից, ու բոլորը միանգամից շրջվեցին ու ասացին նրան՝ ինչպես կարող ես ժխտել ցեղասպանությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG