Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյան․ «Հայ ժողովուրդը միայնակ չէ իր ողբերգության մեջ»


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

ԱՄՆ-ի կոնգրեսականների պատվիրակությանը` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորությամբ, այսօր ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ կոնգրեսականների այցը Հայաստան այսօր՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, և հանդիպումը Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում առանձնահատուկ խորհուրդ ունի․ դա առաջին հերթին ակներև վկայությունն է այն բանի, որ հայ ժողովուրդը միայնակ չէ իր համազգային ողբերգության մեջ, ինչը մեր ժողովրդի համար կարևոր նշանակություն ունի:

Նախագահը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայաստանի բարեկամներին, այդ թվում՝ Հայաստան այցելած պատվիրակության անդամներին, Մեծ եղեռնի 99-րդ տարելիցի օրը անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը հայ ժողովրդի կողքին լինելու և 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև Միացյալ Նահանգներին՝ Հայաստանի տնտեսական զարգացմանը, բարեփոխումներին, ժողովրդավարության կայացմանը և ամրապնդմանը տարիներ շարունակ աջակցելու, ինչպես նաև տարածաշրջանում կայունության պահպանմանը նպաստելու, Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում ակտիվ ներգրավվածության համար:

Նախագահը վստահեցրել է, որ Հայաստանը հաստատակամ է շարունակելու խորացնել և զարգացնել հայ - ամերիկյան երկկողմ հարաբերությունները:

Ամերիկացի կոնգրեսականները նշել են, որ պատվիրակության կազմում գտնվող և՛ Դեմոկրատական, և՛ Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչների համար ևս չափազանց կարևոր է հենց այսօր Հայաստանում գտնվելը՝ լավ հասկանալով օրվա խորհուրդը: Էդ Ռոյսի խոսքով, եթե պատմությունը ճիշտ ընթացք չի ունենում, եթե պատմության դասագրքերում այն ճիշտ չի ներկայացվում, ապա, միանշանակ, զարգացումները վտանգված են, և նաև այդ նկատառումով, Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանության թեման ներառված է պատմության դասագրքերում և դասավանդվում է:

Կոնգրեսականները պատրաստակամություն են հայտնել շարունակելու իրենց ջանքերը ի նպաստ Հայաստանի զարգացման և հայ ժողովրդի բարեկեցության:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի առաջնահերթություններին, տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG