Մատչելիության հղումներ

logo-print

Բակո Սահակյան․ «Լավ ենք սերտել պատմության դասը»


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 24-ին ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

«Արդեն 99 տարի է, ինչ այս օրը համայն հայությունը սրտի կսկիծով հիշում է մեր ժողովրդին վրա հասած ամենամեծ ողբերգություններից մեկը` Հայոց ցեղասպանությունը, սգում և ոգեկոչում է անմեղ զոհերին: 1915 թվականին մեկևկես միլիոն հայեր սրի քաշվեցին Օսմանյան կայսրությունում, հրաշքով մահից փրկվածները սփռվեցին աշխարհով մեկ` ապաստան գտնելով տարբեր երկրներում: Այսօր նրանց հետնորդները, կորստի ցավն ու պատմական հայրենիքի կարոտը սրտներում, ապրում ու արարում են այդ պետություններում, որոնք օգնության ձեռք են մեկնել թուրքական յաթաղանից մազապուրծ եղած մեր հայրենակիցներին և դարձել նրանց երկրորդ հայրենիքը», - ասված է ուղերձում, որը հրապարակված է Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջում:

«Մեծ եղեռնն իրավամբ դասվում է մարդկության դեմ ուղղված ամենածանր ոճրագործությունների շարքին, որոնք վաղեմության ժամկետ չունեն և չեն էլ կարող ունենալ, քանի որ մոռանալ անցյալը` նշանակում է ճանապարհ բացել նոր բարբարոսությունների ու չարագործությունների համար: Այդ իսկ պատճառով մենք մեր ձայնն ենք բարձրացնում հանուն պատմական արդարության վերականգնման, հանուն մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության: Մենք վճռական ենք ու վստահ, որ ի վերջո մեր ձայնը լսելի կլինի աշխարհին, և հայ ժողովրդի դարավոր պայքարն անպայման կպսակվի հաղթանակով: Վստահ ենք, որովհետև լավ ենք սերտել պատմության դասը, և օր օրի զորացող Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը դրա վառ առհավատչյան է», - հայտարարում է Բակո Սահակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG