Մատչելիության հղումներ

«Էրդողանի կեղծավոր կոչը անհեթեթ և ծիծաղելի հնչեց»


ԱՀՀ-ի տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյան

ԱՀՀ-ի տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյան

«Ինչպես և սպասվում էր, Թուրքիան Էրդողանի շուրթերով հնչեցրեց իր առաջին ցուցադրական ցավակցական ուղերձը հայերիս: Ազգային համախմբման այս օրերին առավել անհեթեթ և ծիծաղելի հնչեց նրա` համերաշխության և ապագայի համատեղ կառուցման կեղծավոր կոչը», - հայտարարել է Ամերիկայի Հայկական համագումարի (ԱՀՀ) տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանը:

«Հայոց ցեղասպանության սարսափելի իրողությունը Էրդողանի կողմից, ըստ էության, մատուցվեց ընդամենը որպես Առաջին համաշխարհային պատերազմի անխուսափելի մի դրվագ` ի թիվս օսմանյան այլ ազգերի հետ կատարված ցավալի դեպքերի», - ընդգծել է Դարբինյանը՝ շարունակելով․ - «Թուրքիան պիտի հաշտվի այն մտքի հետ, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը վաղուց արդեն անդառնալի է դարձել և պայմանավորված է զուտ ժամանակի գործոնով: Համաշխարհային հանրության աճող ճնշմամբ պայմանավորված` այս յուրօրինակ «խոստովանությունը» դրա վառ ապացույցն է»:

Սակայն դա, ըստ ԱՀՀ-ի տարածաշրջանային տնօրենի, «ամենևին էլ չի նշանակում, որ մենք պիտի դադարեցնենք համազգային հետևողական աշխատանքը բոլոր հնարավոր ուղղություններով»: «Հակառակը` օգտագործելով հայկական լոբբիստական կառույցների երկարատև և հետևողական աշխատանքի արդյունքում ձևավորված քաղաքական և բարոյահոգեբանական բարենպաստ միջազգային ֆոնը, այսուհետ պետք է առավել ակտիվ հնչեցնենք նաև հատուցման գաղափարը», - հայտարարում է Դարբինյանը:

«Իսկ ինչ վերաբերում է մեր պարտքի հատուցմանը Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, ապա հարգանքի լավագույն դրսևորումը կլինի մեր սեփական երկրում կարգ ու կանոն հաստատելը: Մինչև իսպառ չվերացնենք կոռուպցիան, տնտեսական մենաշնորհն ու համատարած անարդարությունը, համաշխարհային հանրության կողմից չենք ընկալվի որպես արժանի և հավասար դերակատար», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG