Մատչելիության հղումներ

logo-print

Նալբանդյանը ընդունել է ամերիկացի կոնգրեսականների պատվիրակությանը


Լուսանկարը՝ արտգործնախարարության

Լուսանկարը՝ արտգործնախարարության

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է Միացյալ Նահանգների կոնգրեսականների պատվիրակությանը` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսի գլխավորությամբ:

Պատվիրակության կազմում են կոնգրեսականներ Էլիոթ Լանս Էնգելը, Դեյվիդ Սիսիլինին և Լուս Ֆրենկելը։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Նալբանդյանը ողջունել է Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամների այցելությունը Հայաստան և կարևորել նրանց հետևողական ջանքերը Հայաստանի և ԱՄՆ-ի բարեկամական գործընկերության զարգացման գործում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել պատվիրակության անդամների շարունակական քայլերը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ և ասել, որ խորհրդանշական է, որ նրանք այցելում են Հայաստան 20-րդ դարի առաջին ցեղասպանության 99-րդ տարելիցի հիշատակի օրը:

Կոնգրեսականները ընդգծել են, որ այցելությունը լավ հնարավորություն է առաջին ձեռքից տեղեկանալու տարածաշրջանային խնդիրների մասին, և վստահեցրել են, որ շարունակելու են իրենց նպաստը բերել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների զարգացմանը:

Երկուստեք շեշտվել է, որ հայ - ամերիկյան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և երկու երկրների միջև գոյություն ունեցող փոխադարձ վստահությունը տարբեր բնագավառներում գործակցությունն ընդլայնելու լավ երաշխիք է:

Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարածաշրջանային և միջազգային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG