Մատչելիության հղումներ

logo-print
Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է` լրացավ Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված եղեռնագործության 99-րդ տարին:

Բազմահազար մարդիկ, այդ թվում նաև սփյուռքահայեր, օտարերկրյա հյուրեր, այսօր այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկևկես միլիոն հայերի հիշատակին:

Հիշատակի միջոցառումներ են անցկացվում արտերկրում` Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների, սփյուռքահայ կառույցների նախաձեռնությամբ, տեղի պետական, քաղաքական ու հասարակական գործիչների մասնակցությամբ։

«Այսօր մենք խնկարկում ենք Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը: Մեկուկես միլիոն հայորդիներ զոհ դարձան մի այնպիսի հանցագործության, որն այն ժամանակ դեռ անուն չուներ: Մարդկային որևէ լեզու դեռ չէր հորինել նման արտահայտություն կամ բառեզր: Նրանք զոհվեցին պարզապես նրա համար, որ հայ էին: Նախօրոք և մանրամասնորեն ծրագրված ոճրագործությունն ուներ հստակ նպատակ. բնաջնջելով ժողովրդին՝ տիրանալ նրա բնօրրան-երկրին, նրա ունեցվածքին և հազարամյակների ժառանգությանը: Այսպիսով իրականացվում էր հայությանը, որպես քաղաքական գործոն, պատմության թատերաբեմից ընդմիշտ վերացնելու հրեշավոր նախագիծը», - ասված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում:

«Այսօր, գրեթե հարյուր տարվա հեռավորությունից դիտելիս, ակնհայտ է, որ մենք՝ որպես ազգ, պատրաստ չենք եղել դիմակայելու նման հարվածի՝ ո՛չ հոգեբանորեն, ո՛չ կազմակերպվելու առումով: Հայ ժողովրդի բոլոր հատվածները և բոլոր սերունդները շարունակում են մինչև այսօր իրենց ճակատագրի վրա զգալ այն հարվածի հետևանքները, որ մեզ հասցրեց Մեծ եղեռնը: Սա փաստ է: Բայց նաև փաստ է այն, որ մենք ստեղծել ենք մեր պետությունը և այսօր, ի տարբերություն անցյալի, և՛ հոգեբանորեն, և՛ կազմակերպականորեն պատրաստ ենք դիմակայելու նման աղետների՝ մանավանդ հայրենի հողի վրա: Աշխարհում հայի համար չի կարող լինել ավելի ապահով տեղ, քան սեփական պետության հովանու ներքո», - ասված է նախագահի ուղերձում:

«Ապրիլի 24-ը միայն խորհրդանշական տարեթիվ է. բոլորի համար էլ պարզ է, որ հայերի ցեղասպանությունը մեկ օրում չի սկսվել և մեկ օրում չի ավարտվել: Ավելին՝ այն չի կարելի ավարտված համարել այնքան ժամանակ, քանի դեռ Օսմանյան կայսրության իրավահաջորդը շարունակում է ժխտել ակնհայտ փաստը: Մենք համոզված ենք, որ հանցագործության ժխտումը հանցագործության ուղղակի շարունակությունն է: Միայն ճանաչումն ու դատապարտումը կարող են կանխել նման հանցագործությունների կրկնությունը», - հայտարարում է Սերժ Սարգսյանը:

«Այսօր մենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին ենք: Սա ապաշխարելու և պատմության խարանը մի կողմ դնելու հնարավորություն կարող է լինել Թուրքիայի համար, եթե, իհարկե, հարևան երկրում կարողանան ուժ գտնել և ազատել իրենց պետության ապագան այս ծանր բեռից», - իր ուղերձում նշում է Հայաստանի նախագահը՝ շարունակելով․ - «Միաժամանակ հրապարակայնորեն վերահաստատում եմ. մենք Թուրքիայի հասարակությանը չենք դիտում որպես թշնամի»:

Սերժ Սարգսյանը անդրադառնում է նաև Սիրիայի հայությանը, որի համար այսօր «շարունակվում է փորձության շրջանը, որը մեր բաց վերքն է ու մեր ամենօրյա առաջնային մտահոգությունը»: «Եվ մեր բոլոր քայլերն ու գործողությունները Սիրիայի ժողովրդին ու սիրիահայ մեր հայրենակիցներին բաղձալի խաղաղությունը վերադարձնելու համար են», - ասված է ուղերձում:

«2015 թվականի խորհուրդը լրջորե՛ն պետք է ընկալվի Թուրքիայում: Հայաստանի հանդեպ վերաբերմունքը չի կարող այլևս բառերով չափվել. այն հստակ քայլեր է ենթադրում՝ փակ սահմանի բացում և բնականոն հարաբերությունների հաստատում: Ինչ վերաբերում է հայ - թուրքական արձանագրություններին, ապա դրանց վերաբերյալ մեր դիրքորոշումը բազմիցս ենք ասել: Իսկ «ողջամիտ ժամկետներ» հասկացությունն առավել քան արդիական է դառնում», - իր ուղերձն ամփոփում է Հայաստանի նախագահը:

Աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներ՝ այդ թվում Ուրուգվայը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Շվեյցարիան, Կանադան, Արգենտինան, պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG