Մատչելիության հղումներ

Բաղդասարյանը Մոսկվայում հանդիպել է Պատրուշևին, Բորդյուժային, մասնակցել ՀԱՊԿ նիստին


Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյան, արխիվ
Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյան, արխիվ
Ապրիլի 21-ից աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանը այսօր հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:

ԱԱԽ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կայացած առանձնազրույցներին հետևել է Բաղդասարյանի մասնակցությունը ՀԱՊԿ-ի անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախ նեղ, ապա ընդլայնված կազմերով հանդիպումներին, որտեղ քննարկվել և համապատասխան որոշումներ են ընդունվել շուրջ 15 հարցերի, այդ թվում` ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում իրավիճակի, ՀԱՊԿ-ի անդամ պետությունների հավաքական արձագանքման համակարգի զարգացման հիմնական ուղղությունների, օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի գործունեության, միգրացիոն խնդիրների, արտակարգ իրավիճակներին հակազդելու և այլ հարցերի շուրջ:

Ի թիվս քննարկված հարցերի, Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեն հավանություն է տվել նաև Հայաստանում ՀԱՊԿ-ի ակադեմիայի գործունեությանը և Արթուր Բաղդասարյանի` որպես Ակադեմիայի նախագահ, ՀԱՊԿ-ի զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող այդ հաստատությունը ղեկավարելուն, ասված է հաղորդագրությունում:

Անվտանգության խորհուրդների քարտուղարները պատրաստակամություն են հայտնել ըստ ամենայնի աջակցել Ակադեմիայի գործունեությանը, որի մեկնարկը նախատեսվում է այս տարվա սեպտեմբերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG