Մատչելիության հղումներ

Ուկրաինայում շարունակում են ոգեկոչել Սերգեյ Նիգոյանի հիշատակը


Ուկրաինա - Մոմավառություն Սերգեյ Նիգոյանի հիշատակին, Լվով, 22-ը հունվարի, 2014թ․

Ուկրաինա - Մոմավառություն Սերգեյ Նիգոյանի հիշատակին, Լվով, 22-ը հունվարի, 2014թ․

Հուշատախտակ է փակցվել այն դպրոցի պատին, որտեղ սովորել է Մայդանի հայ ակտիվիստը, նրա մասին ֆիլմ է նկարահանվել:

Ուկրաինայում՝ Դնեպրոպետրովսկի մարզի Բերեզնովատովկա գյուղում հուշատախտակ է փակցվել այն դպրոցի պատին, որտեղ սովորել է Սերգեյ Նիգոյանը:

Նիգոյանը առաջինը զոհվեց այս տարվա սկզբին Կիևում ցույցերին հաջորդած բախումների ժամանակ: Նա Գրուշևսկի փողոցում հրազենային երկու վերքերի հետևանքով մահացավ հունվարի 22-ին: Այդ փողոցի վրա է գտնվում Ուկրաինայի նախագահի նստավայրը, և առաջին բախումները այստեղ տեղի ունեցան:

Նիգոյանի ընտանիքի անդամներին հանդիպել է Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար, առաջիկա նախագահական ընտրությունների թեկնածու Յուլիա Տիմոշենկոն: Այս մասին հաղորդագրություն է տեղադրված կուսակցության կայքէջում:

Ուկրաինական «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը անցած երկուշաբթի օրը Բերեզնովատովկա գյուղից հաղորդում է հեռարձակել: Այդ օրը «Բատկիվշչինա» կուսակցության երիտասարդական թևի նախաձեռնությամբ դպրոցի պատին բացվեց Նիգոյանի հուշատախտակը: Հաղորդման ընթացքում Սերգեյ Նիգոյանի հայրը՝ Գագիկ Նիգոյանը ասում է, որ եթե հուշատախտակ է տեղադրվում, ուրեմն՝ պետք է այն հավերժ մնա:

Յուլիա Տիմոշենկոն, հանդիպելով Նիգոյանի հարազատներին, ասել է, թե կիրականացնեն այն, ինչի համար պայքարում էր Սերգեյը, Մայդանում կանգնածները, ովքեր իրենց կյանքը զոհեցին: «Բոլորը թող իմանան, որ մենք կկառուցենք նրանց երազած երկիրը», - ասել է նա:

Տիմոշենկոն ելույթ է ունեցել նաև հուշատախտակի բացման արարողության ժամանակ՝ ասելով, թե ցանկանում է, որ յուրաքանչյուր երեխա, ով ուսում կստանա այս դպրոցում, իմանա Նիգոյանի հերոսության մասին, հիշի Սերգեյին և բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին Ուկրաինայի արժանապատվության հեղափոխության ժամանակ:

Յուլիա Տիմոշենկոն ասել է, թե հենց Զատիկի օրը, երբ հատուկ հույսեր են կապվում ապագայի հետ, կցանկանա, որ ամեն ինչ արվի Ուկրաինայի հարության համար, որ Ուկրաինան դառնա ուժեղ եվրոպական պետություն:

Նա հույս է հայտնել, որ այն ամենը, ինչ հիմա տեղի է ունենում Ռուսաստանի ագրեսիայի պատճառով, կավարտվի առաջիկա ամիսներին:

Ուկրաինական լրատվամիջոցները նաև հաղորդում են, որ «Բաբիլոն-13» և «1+1 փրոդաքշըն» ընկերությունները փաստավավերագրական ֆիլմեր են նկարահանում, շարքը կոչվում է «Ձմեռ, որ փոխեց մեզ», ցուցադրվել է այդ շարքի երկրորդ ֆիլմը, որը նվիրված է Սերգեյ Նիգոյանին:
XS
SM
MD
LG