Մատչելիության հղումներ

Բնապահպանները տարօրինակ են համարում նախագահի այցելությունը Թեղուտ


Արդեն մի քանի տարի Թեղուտի հարյուրավոր հեկտարների հասնող անտառների հատման դեմ պայքարող բնապահպանների համար տարօրինակ է նախագահ Սերժ Սարգսյանի այցը հանքավայր։ Աննա Աղլամազյանի խոսքով՝ երկրի առաջին դեմքի այդ քայլը ոչ միայն չի փարատել իրենց մտահոգությունները, այլև նոր հարցեր է առաջացրել։

Երեք օր առաջ նախագահ Սերժ Սարգսյանը Լոռու մարզում էր, որտեղ այցելել էր նաև Թեղուտի հանքավայր, ծանոթացել «Վալլեքս» ընկերության՝ հանքավայրի շահագործման ծրագրին։ 300 հեկտարից ավելի անտառ վերացնող ընկերությունը նախագահին խոստացել է փոխարենը այլ տարածքներում երկու անգամ ավելի շատ ծառ տնկել։ Ընդ որում, ըստ պաշտոնական հաղորդագրության, նախատեսված անտառահատման մոտ կեսն արդեն ավարտվել է, կտրված ծառերի փոխարեն էլ հարակից համայնքներում 300 հեկտարի ծառատունկ է արվել։

Պաշտոնական այս թվերը, սակայն, բնապահպանները շոու են որակում։ Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ իրենք փնտրել, սակայն այդպես էլ հարյուրավոր հեկտարների հասնող նոր անտառներ չեն գտել։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, նախագահի հետ հանդիպմանը հանքը շահագործող ընկերությունը պատասխանատվություն է ստանձնել ոչ միայն ծառատունկի, այլև տնկված ծառերի նկատմամբ խնամքի համար։

Բնապահպանները, սակայն, թերահավատ են նաև այս հարցում։ Աննա Աղլամազյանի խոսքով՝ ակտիվիստները իրենց աչքով են տեսել, թե ինչպես են «Վալլեքս»-ի տնկած ծառերը ջրի պակասից չորացել։

«Բնապահպանական մնացած լուրջ վնասը մի կողմ դնել և խոսել ինչ-որ սոցիալական պատախանատվության, պատասխանատու հանքարդյունաբերության մասին, ուղղակի ծիծաղելի է։ Սա այն ընկերությունն է, որ Շնող գետը գնահատել է 175 հազար դրամ...»,- ասաց Աղլամազյանը։

Բնապահպան Լևոն Գալստյանի խոսքով՝ «Վալլեքս» ընկերության իրականացնելիք ծառատունկը պետք է վերահսկեին գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունները, մինչդեռ հարցման արդյունքում պարզել են, որ մինչ օրս գյուղնախարարությունը որևէ հսկողություն չի իրականացրել, իսկ բնապահպանության նախարարությունը մեկ անգամ ստուգելու արդյունքում պարզել է, որ տնկված շիվերի միայն 12 տոկոսն է ծառ դարձել։

«2008 թվականից արդեն անցել է վեց տարի, վեց տարում ծառերը պետք է մոտավորապես 1.5-2մ բարձրություն ունենային, եթե նորմալ տնկած ու խնամած լինեին։ Թող մեզ ցույց տան 300 հա անտառը, որ տնկել են»,- առաջարկեց Գալստյանը։

Թեղուտի հանքավայրի տարածքում առկա են նաև մշակութային հուշարձաններ։ Ընկերության ղեկավարությունը Սերժ Սարգսյանին վստահեցրել է, որ դրանք պահպանելու համար աշխատանքներ են տարվում, մինչդեռ բնապահպաններն ասում են՝ այդ աշխատանքները ոչ մի մարմին չի վերահսկում, և գործնականում «Վալլեքս»-ը իր սեփական տարածքում կարող է անել այն, ինչ ուզում է։

Հանքավայրի տարածքում կա նաև հին եկեղեցի, որը բնապահպանների տվյալներով՝ ընկերությունը պատրաստվում է տեղափոխել։
XS
SM
MD
LG