Մատչելիության հղումներ

Հայոց Մեծ Եղեռնի հերթական տարելիցին ընդառաջ Հայաստանում տարբեր գիտական և մշակութային իրադարձություններ են անցկացվում։

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մեկնարկել է «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը. ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը։

Գիտաժողովին, ի թիվս մի շարք արտասահմանյան երկրների մասնակցում են նաև Թուրքիայից ժամանած պատմաբաններ։ Նրանից մեկին՝ երիտասարդ գիտաշխատող, դասախոս Սյուզան Ռոսիթա Մեյրեմ Քալայջիին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը դրամաշնորհ է տրամադրել՝ շարունակելու իր ուսումնասիրությունները Հայաստանում։

Այսօր երիտասարդ գիտնականը գիտաժողովի ընթացքում բանախոսություն կարդաց՝ «Պատմական լռություն, մտորումներ հետցեղասպանական հասարակություններում զոհի և հանցագործի կերպարների մասին» խորագրով։

«Ազատության» հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ե՞րբ ի վերջո Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, Քալայջին ասաց, որ դա քաղաքական հարց է։

«Կառավարության դիրքորոշումն է, որ չի ճանաչում ցեղասպանությունը, բայց ժողովուրդը գիտե այդ մասին, և որքան մեր հասարակությունը առավել ժողովրդավարական դառնա, այնքան ավելի շուտ տեղի կունենա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը»,- ասաց երիտասարդ գիտնականը։

Քալայջին ընդգծեց, որ ինքն ու իր գործընկերները ներկայումս կարողանում են ազատորեն ներկայացնել այն ամենը, ինչ իրականում տեղի է ունեցել անցյալ դարասկզբին։

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին այսօր Կամերային երաժշտության տանը երաժշտասերները կարող են ունկնդրել Մխիթարյան միաբանության ընդհանրական աբբահայր Արսեն Այտնյանի հեղինակած «Պատարագը»՝ գրված 1886 թվականին քառաձայն երգչախմբի և նվագախմբի համար։ Ի դեպ, նվագախմբի համար հատվածը «Պատարագի» ստեղծումից հետո գրել է գերմանացի անվանի կոմպոզիտոր Ջոզեֆ Բյոմը։ Այս ստեղծագործությունը առաջին անգամ է կատարվում Հայաստանում։ Այն այսօր կհնչի Մխիթարյան հայրերի նախաձեռնությամբ և Հայաստանի պետական կամերային նվագախմբի և երգչախմբի կատարմամբ՝ մաեստրո Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ։

Իսկ Հայաստանի պատմության թանգարանը այսօր մի ուշագրավ նվիրատվություն ստացավ ծնունդով լիբանանահայ, ներկայումս լոնդոնաբնակ Հրաչ Կույումջյանից։ Նա Պատմության թանգարանին նվիրեց զորավար Անդրանիկի 65 էջանոց, 1925 թվականին գրված հուշագրությունը։ Այն արտասահմանում հրատարակվել է երկու անգամ մասնակի կրճատումներով, բայց Հայաստանում երբեք չի հրատարկվել։
XS
SM
MD
LG