Մատչելիության հղումներ

Կառավարությունը «պատրաստ է պարտադիր բաղադրիչի կասեցման ուղղությամբ քայլեր իրականացնել»


«Կառավարությունը պատրաստ է իրականացնել պարտադիր բաղադրիչի պարտադրանքի կասեցման ուղղությամբ կոնկրետ քայլեր»,- երեքշաբթի կուտակային կենսաթոշակների մասին օրենքի շուրջ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ կառավարությունում անցկացված քննարկումից հետո հայտարարեց պատգամավոր Արծվիկ Մինասյանը (ՀՅ Դաշնակցություն)։

Խորհրդակցությունը կայացել է Հովիկ Աբրահամյանի հրավերով։ Խորհրդարանական բոլոր վեց քաղաքական ուժերը ստացել են հրավերներ, չի մասնակցել միայն Հայ ազգային կոնգրեսը։

«Մի բան պարզ է՝ չի կիրառվելու որևէ պատասխանատվություն հունվարի 1-ից հետո բոլոր ժամանակահատվածների համար։ Երկրորդ՝ բոլոր հնարավորությունները ընձեռնվելու է, որպեսզի բացառապես քաղաքացու կամահայտնությունը լինի հիմքում դրված, եթե քաղաքացին ուզում է, կմասնակցի, չի ուզում, չի մասնակցի։ Եվ երրորդ կարևոր խնդիրը՝ այս պահի դրությամբ քաղաքացիների կամքից անկախ փոխանցված գումարները քաղաքացիներին վերադարձնելու օրենսդրական երաշխիքների մասին է խոսքը»,- ասաց Մինասյանը։

Դաշնակցական պատգամավորն ասաց՝ առաջիկա երկու օրերին խորհրդարան կներկայացվի կառավարության պատրաստած օրենսդրական փոփոխությունը։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի ասել՝ որքանով են իրական Աբրահամյանի վստահեցումները։

Սահմանադրական դատարանի որոշմամբ թեև օրենքի պարտադիր բաղադիրիչը ճանաչվել է հակասահմանադրական, այնուամենայնիվ, Պետեկամուտների կոմիտեի ներդրած համակարգը աշխատողի կամքից անկախ պարտադիր կուտակային վճարներ է հաշվարկում։ Մինասյանը կարծում է՝ համակարգի սառեցումը օրենքի կարգավորման առարկա չէ, ուստի կարող է նաև չարտացոլվել իշխանության նախաձեռնության փոփոխություններում։

«Սա կառավարության և ենթաօրենսդրական ակտի վերանայման հարց է, ոչ թե օրենքի»,- ասաց նա։

Մինչև սեպտեմբեր՝ ՍԴ-ի նախանշած ժամկետն ամեն գնով պարտադիր կուտակային բաղադրիչը պահելու՝ իշխանությունների համառության ֆոնին Հովիկ Աբրահամյանի այս նախաձեռնությունը ինչպե՞ս են մեկնաբանում ոչ իշխանական ուժերը։ ՍԴ-ի խճճված որոշումից հետո, հիշեցնենք, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը պնդել էր՝ կուտակային օրենքը շարունակում է ուժի մեջ մնալ նույն տեսքով։

«ՍԴ-ի որոշումը ավելի խորությամբ ընթերցելը և հասարակական ընդվզումը այս հարցում, ինչպես նաև հանրապետության նախագահի դրական դիրքորոշումը համակարգը վերանայելու ուղղությամբ, ու ինչ չէ նաև պարոն Աբրահամյանի արդեն բազմիցս հնչեցրած ցանկությունը իրար հետ համատեղվեցին, և դրան գումարվեց քաղաքական ոչ իշխանական ուժերի պատրաստակամությունը հարցը լուծելու ուղղությամբ»,- ասաց Մինասյանը։

Արծվիկ Մինասյանը նաև փոխանցեց, որ խորհրդարանական ոչ իշխանական ուժերը չեն հրաժարվել պարտադիր բաղադրիչը կասեցնելուն վերաբերող իրենց նախաձեռնությունից։

«Համախոհությունը պահպանվում է, ավելին՝ կարծում եմ, «Օրինաց երկիրն» էլ ակտիվորեն հանդես եկավ այդ ուղղությամբ, և ինքն էլ պատրաստ մասնակցել համակարգը կամավորի վերածելու նախաձեռնությանը»,- ասաց Մինասյանը։

Հովիկ Աբրահամյանի հրավիրած խորհրդակցությանը մասնակցած Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հակոբ Հակոբյանն ասաց՝ այս պահին չի կարող պնդել, թե ԱԺ ներկայացվելիք փոփոխությամբ կկասեցվի կուտակային կենսաթոշակների մասին օրենքի ամենավիճահարույց՝ պարտադիր բաղադրիչը։

«Մենք խորհրդակցությունից դուրս ենք եկել և պատրաստի որոշում չունենք։ Վերջնական որոշումը կայացնելու է կառավարությունը»,- ասաց Հակոբյանը։

Հանրապետական պատգամավորը համոզված է, որ միջանկյակ որոշում կլինի.- «Տվյալ դեպքում ժողովի և պետության շահերը մի տեսակ հակադրվում են, որովհետև մենք ունենք կառավարիչներ, ունենք բանակցությունների արդյունք և ունենք ժողովրդի ցանկությունը։ Բայց այս երկուսը պետք է համադրվեն իրար հետ»։

Քաղաքական ուժերի հետ վարչապետի հանդիպման մասին կառավարության տարածած պաշտոնական հայտարարության մեջ հղում է կատարվում Հովիկ Աբրահամյանի ավելի վաղ տված այն խոստմանը, թե ԱԺ ներկայացվելիք օրենսդրական փաթեթով կկասեցվի պարտադիր վճարումներ չկատարողների տույժերի հաշվարկը։ Հակոբյանն ասաց՝ այդ հարցը հաստատ լուծվելու է։

Խորհրդակցությանը մասնակցելու վարչապետի հրավերը չընդունած ՀԱԿ-ը «անհեթեթություն» է համարում մասնակցությունը։

«Մեր դիրքորոշումը հստակ արտահայտել ենք, այն է՝ դա հակասահմանադրական է և չպետք է գործի։ Եվ կառավարությունում մենք անելիք չունենք։ Եթե կառավարությունը հիմա բերելու է օրենսդրական նախագիծ, որով հակասահմանադրականությունը կհաստատվի և այդ գործունեությունը կկասեցնի, մենք կողջունենք»,- փոխանեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։
XS
SM
MD
LG