Մատչելիության հղումներ

«Թուրքական լոբբիստների ազդեցությունը թուլացել է»


Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը 2013թ․ ապրիլի 24-ին

Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը 2013թ․ ապրիլի 24-ին

«Թուրքիան պետք է գիտակցի, որ հիմա աշխարհում ընդհանուր առմամբ ընդունված է այն տեսակետը, որ 1915 թվականին թուրքերը հայերի նկատմամբ ցեղասպանություն են իրականացրել», - Today's Zaman-ին տված հարցազրույցում ասել է ամերիկյան Մարշալի հիմնադրամի Անկարայի գրասենյակի տնօրեն, միջազգային հարաբերությունների և քաղաքացիական հասարակության հարցերով փորձագետ Օզգյուր Ունլյուհիսարջիքլին:

«Այլ երկրներում արդեն իսկ նման ընկալում գոյություն ունի, իսկ 2015 թվականին, քանի որ իրադարձությունների հարյուրամյակն է և այն պատճառով, որ զանգվածային լրատվամիջոցները լայնորեն կկիրառվեն, այդ տեսակետը է՛լ ավելի կամրապնդվի ողջ աշխարհում», - հավելել է նա:

Բացի այդ, ըստ փորձագետի, հնարավոր է, որ որոշ կառավարություններ հարյուրամյակին ընդառաջ բանաձևեր ընդունեն՝ 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելով:

Ինքը վերլուծաբանը անձնապես 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն չի համարում, ասում է` զանգվածային կոտորած եղել է, բայց ցեղասպանություն բառը չի կիրառում: Ունլյուհիսարջիքլին կարծում է, որ այդ բնորոշումը տալու կամ չտալու հարցը պետք է պատմաբաններն ու իրավագետները քննարկեն: Այնուամենայնիվ, ըստ նրա, երկու կողմերն էլ պետք է պատրաստ լինեն դուրս գալ պաշտոնական պատմության և սեփական նախապաշարումների սահմաններից: Հայերը պետք է պատրաստ լինեն վերանայել իրենց դերակատարությունը 1915 թվականի և դրան նախորդած դեպքերում, թուրքերը ևս պետք է պատրաստ լինեն փոխել իրենց կարծիքն ու քննարկումների համար ազատ մթնոլորտ պետք է ապահովեն:

«Նրանք, ովքեր կարծում են, որ 1915 թվականին ցեղասպանություն է տեղի ունեցել, չպետք է պիտակավորվեն որպես ազգի դավաճաններ», - կարծում է Օզգյուր Ունլյուհիսարջիքլին, - «Հարցը պետք է բաց և ազատ քննարկվի, մինչդեռ մենք անցյալում ականատես ենք եղել, որ մարդիկ, ովքեր գիտաժողովների ընթացքում 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն են անվանել, մեղադրվել են պետական դավաճանության մեջ: Նման բան չպետք է լինի»:

Թուրքերը պետք է պատրաստ լինեն վերանայել այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, հասարակական կարծիք ձևավորող գործիչներն ու գիտական շրջանակների ներկայացուցիչները պետք է պատրաստ լինեն իրենց կարծիքը փոխել:

«Մինչ երկու երկրների միջև սահմանները բացելը, երկու կողմի ժողովուրդները պետք է ջանքեր գործադրեն իրենց հոգում և մտքում սահմանները բացելու ուղղությամբ», - հայտարարել է Ունլյուհիսարջիքլին:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ հայկական կազմակերպությունների և լոբբիստների ձեռնարկելիք քայլերին՝ թուրք վերլուծաբանը կարծիք է հայտնել, որ թուրքերը չափազանցված մոտեցում ունեն հարցի նկատմամբ, թեև երբեմն չափազանց մեծ աղմուկը մարտավարական բնույթ է կրում` թույլ չտալու համար, որ բարեկամ կառավարություններն այս հարցով բանաձևեր ընդունեն:

Այս տարի Միացյալ Նահանգների Կոնգրեսում հայանպաստ բանաձևի ընդունման հավանականությունը վերլուծաբանն առավել հավանական է համարում նախորդ տարիների հեմեմատությամբ, քանի որ այժմ Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները լավագույնը չեն: Հարյուրամյակին ընդառաջ հայկական կազմակերպությունները ավելացնում են ճնշումը, ու թեև նրանց աջակցությամբ Կոնգրեսի հանձնաժողովներում հայտնված բանաձևերը թուրքական լոբբին հիմնականում կարողացել է կանխել և դրանք չեն հասել Ներկայացուցիչների պալատ կամ Սենատ, սակայն վերջերս Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանությունը հիշատակող բանաձև` այսպիսով ճանապարհ հարթելով Սենատում դրա քվեարկության համար, ինչը, ըստ վերլուծաբանի, վկայում է, որ թուրքական լոբբիստների ազդեցությունը Վաշինգտոնում թուլացել է:

«Սակայն Թուրքիան կարող է քայլեր ձեռնարկել` Միացյալ Նահանգներում իր բարեկամների համար առավել դյուրացնելով նման բանաձևի ընդունման կասեցումը, ամենակարևորը այս հարցում, իհարկե, Թուրքայի հարաբերություններն են Հայաստանի հետ»,- շեշտել է Ունլյուհիսարջիքլին: Ընդհանուր առմամբ, ըստ փորձագետի, Թուրքիան չպետք է կենտրոնանա հարյուրամյակի վրա, այլ դրա փոխարեն պետք է պատրաստվի 2015 թվականից հետո սպասվող իրավիճակին, քանի որ ինչ էլ տեղի ունենա 2015 թվականին՝ Թուրքայի համար արդեն չափազանց ուշ է դա կանխելը:

Մարշալի հիմնադրամի Անկարայի գրասենյակի ղեկավարի կարծիքով` թուրք - հայկական մերձեցումը չի կարող մի տարվա ընթացքում կայանալ, ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ թե՛ թուրքերին, թե՛ հայերին՝ վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկելու համար:

Հայկական լոբբին ակտիվացնում է իր գործողություններն ու մեծացնում ճնշումը, իսկ ինչ է անում թուրքական լոբբին: Թուրք վերլուծաբանն ասում է, որ թուրքական լոբբին աշխատում է երկու ուղղությամբ` նախ, փորձում է ամերիկյան պաշտոնյաներին համոզել, որ Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերությունները Միացյալ Նահանգների համար առավել կարևոր են, քան առանձին լոբբիի շահերը, և երկրորդ` Միացյալ Նահանգներում թուրքական կազմակերպությունները քննարկման են դնում այլ պետությունների կողմից Օսմանյան կայսրության մահմեդականների կոտորածների հարցը` ցանկանալով ընդգծել, թե միայն հայերը չեն, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սպանդի են ենթարկվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG