Մատչելիության հղումներ

Քոչարյան․ «Սահմանադրության հաճախակի փոփոխությունները կասկածելի են»․ 2rd.am


Հայաստանի ներկայիս և նախկին նախագահները պաշտոնական միջոցառման ժամանակ, դեկտեմբեր, 2008թ․
Հայաստանի ներկայիս և նախկին նախագահները պաշտոնական միջոցառման ժամանակ, դեկտեմբեր, 2008թ․

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեմ է Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը՝ բարեփոխել Սահմանադրությունը:

Իր ոչ պաշտոնական 2rd.am կայքէջին տված հարցազրույցում նախկին նախագահը պնդում է, թե «բարեփոխման նախաձեռնությունը բխում է բացառապես իշխանություններից, հնչած բացատրությունները համոզիչ չեն, ծայրահեղ հեղհեղուկ են, ինչը և առաջարկվող փոփոխությունների իրական նպատակների վերաբերյալ լուրջ կասկածներ է առաջացրել հասարակության մեջ»:

«Արդյո՞ք հասունացել է այդպիսի բարեփոխումն ընդհանրապես: Ինչքանո՞վ է Սահմանադրությունը խանգարում իշխանություններին` համարժեք արձագանքել առաջ եկող մարտահրավերներին», - հարց է բարձրացնում Ռոբերտ Քոչարյանը և ընդգծում․ - «Չկա երկրի առջև ծառացած ոչ մի կենսական խնդիր, որի լուծմանը խոչընդոտի գործող Սահմանադրությունը»:

Ստեղծված իրավիճակը Քոչարյանը հակադրում է իր պաշտոնավարման օրոք՝ 2005 թվականին անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, պնդելով, որ այն կյանքի է կոչվել տրամագծորեն հակառակ պայմաններում, երբ փոփոխությունները դարձել էին երկրի քաղաքական օրակարգի հասունացած հարցերից և Եվրախորհրդին անդամակցության պարտավորություններից մեկը, բացի այդ՝ կային հասարակական սպասումներ:

«Այս գործոններից ոչ մեկն այսօր գոյություն չունի: Բայցևայնպես, նույնիսկ այդպիսի գործոնների առկայության պայմաններում, ընդդիմությունն այն ժամանակ կասկածում էր իմ մտադրություններին: Իբրև թե այդ ամենն անում եմ, որպեսզի պահպանեմ իշխանությունը՝ երրորդ անգամ ընտրվելով նախագահի պաշտոնում կամ տեղափոխվելով վարչապետի աթոռին», - ասում է երկրորդ նախագահը:

Շեշտելով, որ ինքն իր խոսքի տերն է եղել և հեռացել է իշխանությունից՝ չկառչելով որևէ պաշտոնից, հիմա Քոչարյանն ինքն է Սերժ Սարգսյանից երաշխիքներ պահանջում առ այն, որ «բարեփոխումն ուղղված չէ կառավարող էլիտայի շահերի սպասարկմանը և չի դառնա դրա վերարտադրման գործիք»:

«Սահմանադրության ցանկացած վերաձևում հանուն քաղաքական գործիչների ընթացիկ շահերի` երկրի քաղաքական դեգրադացման նշանն է», - պնդում է երկրորդ նախագահը՝ հստակեցնելով․ - «Սահմանադրությունները չեն ստեղծվել կառավարողների իշխանությունը հավերժացնելու համար, ճիշտ հակառակը: Միապետություններին սահմանադրություն պետք չէ: Իսկ բրոնզապատ իշխանությունը, որպես կանոն, լճացման երաշխիք է»:

Սահմանադրության հաճախակի փոփոխություններն ընդհանրապես կասկածելի որակելով՝ նախկին նախագահը կարծիք է հայտնում, թե «երկրում առանց այդ էլ խնդիրների մի ստվար զանգված է կուտակվել, և իշխանությունը կարող է ուշադրությունը կենտրոնացնել դրանց լուծման վրա:

«Մի խոսքով, Սահմանադրությունը հարկավոր է փոխել այն ժամանակ, երբ չի կարելի դա չանել», - եզրափակում է Ռոբերտ Քոչարյանը:

«Ընդամենը հանել «անընդմեջ» բառը»


Անդրադառնալով գործող նախագահ Սերժ Սարգսյանի վերջերս արած հայտարարությանը, թե իր կարծիքով՝ մեկ մարդը երկու անգամից ավելի չպետք է հավակնի երկրի կառավարման ղեկին Հայաստանում, և ի պատասխան հարցի՝ «կարելի՞ է արդյոք ենթադրել, որ առաջարկվող սահմանադրական բարեփոխումների նպատակներից մեկը հենց այդ սահմանափակման ամրագրումն է», Քոչարյանը հայտարարում է․ - «Դրա համար Սահմանադրությունը վերաձևելու կարիք չկա, առավել ևս, երբ պարզվեց, որ նախագահն ինքը դեմ է հանձնաժողովի առաջարկած փոփոխություններին: Պետք է ընդամենը հանել «անընդմեջ» բառը գործող Սահմանադրության 50-րդ հոդվածից: Ընդամենը մեկ բառ»: «Սակայն այդ լրացումը հետադարձ ուժ ունենալ չի կարող և այդպիսով ներկա քաղաքական լանդշաֆտի վրա ոչ մի կերպ չի ազդի», - շարունակում է նախկին նախագահը՝ ըստ էության ակնարկելով, որ անգամ Սահմանադրության փոփոխության դեպքում ինքը կարող է կրկին հավակնել նախագահի աթոռին:

Նախկին և ներկայիս վարչապետների մասին


«Վարչապետ Սարգսյանի հրաժարականից հետո նախագահը բավականին բարձր գնահատական տվեց նրա գործունեությանը: Ըստ Ձեզ, ինչո՞վ է դա պայմանավորված», - այս հարցին նախկին նախագահը արձագանքում է․ - «Ես չգիտեմ, թե ինչպես և ինչն էր նա գնահատում նախկին վարչապետի գործունեության մեջ, սակայն, դատելով ամենից, աշխատանքի արդյունքներն այստեղ կապ չունեն: Տնտեսության ծավալը թե՛ համադրելի թվերով, թե՛ դոլարային արտահայտությամբ դեռևս ցածր է նախաճգնաժամային մակարդակից՝ պարտքի եռապատկման և աղքատության էական աճի պայմաններում: Այդպիսի արդյունքներով կարծես թե ընդունված չէ հպարտանալ»:

Նորանշանակ վարչապետի մասին Քոչարյանը ասում է․ - «Իմ նախագահության շրջանում Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման լավ նախարար և փոխվարչապետ է եղել: Ինչպիսի վարչապետ կլինի՝ ցույց կտա ժամանակը: Ծանր ժառանգություն է ստացել: Նրան անկեղծորեն հաջողություն եմ մաղթում»:

Քոչարյանը «չի պատրաստվում բանավիճել» Սարգսյանի հետ


«Ելույթ ունենալով ՀՀԿ խորհրդի վերջին նիստում՝ նախագահը բավական թափանցիկ ակնարկ արեց Ձեր հասցեին, ասելով, որ որոշ նախկին բարձրաստիճան դեմքեր փնտրում են իրենց հաջողությունը գործող իշխանության ձախողումներում: Ինչպիսի՞ն կլինի Ձեր պատասխանը», - այս հարցին էլ երկրորդ նախագահը արձագանքում է․ - «Բանավիճել նրա հետ չեմ պատրաստվում, քանի որ խոսքը գնում է իր սուբյեկտիվ զգացումների մասին: Առավել ևս, որ ՀՀ և ԼՂՀ բարձրագույն պետական պաշտոններում իմ գործունեության գնահատականը ոչ մի կերպ կախված չէ ներկայիս իշխանությունների արդյունավետությունից: Ափսոսում եմ, որ նախագահը երկրի ճակատագրով անկեղծ մտահոգությունը չտարբերեց իշխանությունների գործունեության ողբալի արդյունքների վրա չարախնդալուց»:
XS
SM
MD
LG