Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը վերանայում է Ռուսաստանի նկատմամբ իր քաղաքականությունը. Օբամայի օգնականներին հղում անելով՝ այս մասին հաղորդում է New York Times-ը:

Ամերիկայի նախագագի վարչակազմի աշխատակիցների խոսքերով, որոնց հղում է անում New York Times-ի՝ Սպիտակ տան աշխատանքը լուսաբանող թղթակից Պիտեր Բեյքերը, Օբաման եկել է այն համոզման, որ եթե անգամ ուկրաինական ճգնաժամը այս կամ այն կերպ հանգուցալուծվի, միևնույնն է՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ինքն այլևս չի ունենա կառուցողական հարաբերություններ: Մինչ իր պաշտոնավարման ավարտն ունենալով ընդամենը երկուսուկես տարի՝ Օբաման մտադիր է կենտրոնանալ ոչ թե Ռուսաստանի վրա, այլ այն միջազգային խնդիրների, որոնցում դեռևս կարելի է հաջողության հասնել:

Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա Օբամայի վարչակազմը կփորձի պահպանել այն սահմանափակ համագործակցությունը, որը դեռևս կարելի է փրկել: Իսկ ընդհանուր առմամբ, Միացյալ Նահանգները ձգտելու է հասնել Ռուսաստանի տնտեսական և քաղաքական մեկուսացմանը՝ այդպիսով զսպելով նրա զավթողական հավակնությունները, գրում է ամերիկյան պարբերականը: Հոդվածագրի կարծիքով, այդ մոտեցումը Խորհրդային Միության նկատմամբ Սառը պատերազմի ժամանակներից Միացյալ Նահանգների ռազմավարության նորացված տարբերակն է:

The New York Times-ը մեջբերում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին դեսպան, այժմ Չիկագոյում տեղակայված «Գլոբալ հարցերի խորհուրդ» հետազոտական կենտրոնի նախագահ Իվո Դաալդերի խոսքերը, ով ասել է, որ Միացյալ Նահանգների նոր մոտեցումները ենթադրում են հետևողական գործելակերպ` նպատակ ունենալով փուլ առ փուլ բարձրացնել այն գինը, որը Ռուսաստանը ստիպված կլինի վճարել Ուկրաինայում կատարած իր քայլերի համար:

«Հնարավոր է, որ դա չլուծի Ղրիմի և Արևելյան Ուկրաինայի խնդիրները, սակայն դա կլուծի Ռուսաստանի հետ հարաբերությունների խնդիրը», - ասել է ամերիկացի դիվանագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG