Մատչելիության հղումներ

«Հանցավոր» անտարբերություն Առինջի խաչքարային դաշտի նկատմամբ


Առինջի խաչքարերի գեղարվեստական կատարումը անթերի է, իսկ մշակութային հուշարձանի նկատմամբ նման վերաբերմունքը՝ խիստ մտահոգիչ, ընդգծում է մասնագետը:

Կոտայքի մարզի Առինջ գյուղի հին խաչքարային դաշտը ամեն տարի փոփոխությունների է ենթարկվում և վնասվում, նկատում է մասնագետը։

Առինջի գերեզմանատանը կից 12-17-րդ դարերի խաչքարային դաշտը ներառված է պետական նշանակության՝ օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկում, պաշտպանվում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» օրենքով, բայց տարիներ շարունակ այստեղ տեղաշարժվել ու դրա հետևանքով կոտրատվել են տապանաքարեր և խաչքարեր։ Այս ամենը վավերագրել է Երևանի պետհամալսարանի մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը, որի վկայությամբ՝ գործընթացը սկսվել է հիմնականում 1996, 97 թվականներից հետո։

«Մի դեպքում խաչքարի բեկորը տեղաշարժելիս ջարդել են, բաժանվել է երկու մասի, մի այլ դեպքում մեքենան ավազ բերելիս խփել է կանգուն խաչքարի եզրին, որի հայտնի թռչուններով հորինվածքի թռչունի պոչը պոկվել է․․․ Այսինքն՝ ոչ միայն տապանաքարերն են տեղաշարժվում և ջարդվում։ Նույնիսկ կան դեպքեր, երբ հին տապանաքարի քարերը ջարդել են և լցվել են պարսպապատի բետոնի մեջ», - Պետրոսյան։

Գյուղն ունի նաև մեկ այլ գերեզմանատուն, բայց շատերը նախընտրում են ոչ թե նոր գերեզմանատունը, այլ հինը, որտեղ նոր թաղումներ անելու համար գյուղացիները տեղաշարժում են միջնադարյան տապանաքարերը։ Վերջին թաղումն այստեղ անցած տարի է եղել։

Խաչքարային դաշտին մերձակա տներից մեկում ապրող գյուղացին չթաքցրեց, որ այս գերեզմանատանը հուղարկավորություն անողները տեղաշրջում են տապանաքարերը, բերում ու կուտակում են մի կողմում։ Ըստ գյուղացու՝ «անհաս մարդն էլ կնկատի, որ տապանաքարերը տեղաշարժված են»։

Համլետ Պետրոսյանն ասում է, որ թեև ցանկացած մշակութային հուշարձան արժանի է պահպանության, բայց Առինջի դաշտի խաչքարերի գեղարվեստական կատարումը անթերի է, իսկ մշակութային հուշարձանի նկատմամբ նման հանցավոր անտարբեր վերաբերմունքը՝ խիստ մտահոգիչ։ Այս մասին բարձրաձայնել է բազմիցս, սակայն իրավիճակը չի փոխվել։

«Նրանք, ովքեր այդ թաղումներն անում են, կամ նրանք, ովքեր թույլատրում են, քաջատեղյակ են, որ իրենց արածն օրենքի կոպիտ խախտում է, և որպեսզի ինչ-որ ձևով արդարացնեն այդ խախտումները, նախօրոք ազատ տարածություններ են պատրաստում [տեղաշարժելով տապանաքարերը]», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պետրոսյանը:

Առինջի գյուղապետարանից «Ազատությանը» ասացին, որ իրենք հողահատկացում նոր թաղումների համար չեն արել, փաստորեն, ըստ գյուղապետարանի, թաղումներն արվել են անօրինական։

Մշակույթի նախարարությունից հորդորեցին կապվել իրենց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) հետ, որի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը համաձայնեց, որ իսկապես այնտեղ վնասվել է մշակությաին հուշարձանը։

«Մենք 2011-ին դիմել ենք իրավապահ մարմիններին, իրավապահ մարմինները պատասխանել են՝ «գիտեք, հարգելիներս, հողազավթում տեղի չի ունեցել»: Լավ, մենք ի՞նչ պետք է անենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պողոսյանը։

ՊՈԱԿ-ի ղեկավարները չգիտեին, թե ինչ պետք է անեին այդ իրավիճակում։ 2011-ից երեք տարի անց՝ օրեր առաջ նորից դիմել են իրավապահ մարմիններին՝ արդեն մարզի դատախազություն։ Վլադիմիր Պողոսյանը վստահեցնում է, որ դատախազություն դիմել են Առինջի խաչքարային դաշտի մասին սոցցացում բարձրացած ահազանգից երկու օր առաջ։ «Դա ամսի 10-ին են մերոնք ֆիքսել, այսինքն՝ ավելի շուտ են մարզային ծառայության աշխատակիցները ֆիքսել այդ իրավիճակը», - ասաց նա։

Արդեն ավելի քան 10 տարի խաչքարերի ու հին տապանաքարերի դաշտում տեղի ունեցող փոփոխությունները վերջապես ֆիքսած ու դատախազաություն դիմած ՊՈԱԿ-ն այժմ սպասում է պատասխանի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG