Մատչելիության հղումներ

Փոքր և միջին բիզնեսին օգնելու համար հարկերի նվազեցումը «բավարար չէ»


Շաբաթավերջին բիզնեսի ներկայացուցիչների հետ առաջին խորհրդակցությանը նորանշանակ վարչապետը Հովիկ Աբրահամյանը խոստացավ աջակցել ձեռնարկատիրությանը

Կառավարությունը միշտ էլ հայտարարել է, որ պետք է նպաստեն փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, սակայն, դատելով տնտեսության վիճակից, կարելի է ասել, որ դա բովանդակային գլոբալ առումով չի ստացվել, փաստում է «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը:

Շաբաթավերջին բիզնեսի ներկայացուցիչների հետ առաջին խորհրդակցությանը նորանշանակ վարչապետը Հովիկ Աբրահամյանը խոստացավ աջակցել ձեռնարկատիրությանը: Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն էլ հայտարարեց՝ Կառավարությունը ծրագրում է նվազեցնել շրջանառության հարկը՝ փոքր ու միջին բիզնեսի համար:

«Որոշակի քայլեր Հովիկ Աբրահամյանի կառավարությունը կանի, սակայն դրանք կլինեն շատ փոքր, շատ երկչոտ, սկզբնական շրջանում պոպուլիստական ենթատեքստով քայլեր, որոնք, սակայն արմատապես չեն փոխի տնտեսության վիճակը», - կարծում է Հայկ Գևորգյանը: Շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցումը ինչ-որ չափով իհարկե կաջակցի բիզնեսին, սակայն դա բավարար չէ, ասում է տնտեսական մեկնաբանը:

«Հայաստանում բիզնեսի հիմնական խոչընդոտը հարկային բեռի ծանրությունը չէ, այլ հարկային բեռի ոչ հավասարաչափ բաշխումը: Այսինքն, կան արտոնյալ գործարարներ, կան ոչ արտոնյալ գործարարներ», - ասում է Գևորգյանը:

Բիզնեսը զարգացնելու համար ստեղծված պայմանները բոլորի համար պետք է լինեն հավասար և չպետք է լինի մենաշնորհ, վստահ է նա:

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը կարծում է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործարար միջավայրում ձևավորված անձնավորություն է և շատ լավ գիտե փոքր ու միջին բիզնեսին հուզող խնդիրները: Այսօր թե՛ խոշոր, և թե՛ փոքր ու միջին բիզնեսը պաշտպանության ու աջակցության կարիք ունի, ասում է Սաֆարյանը․ - «Այն փոքրիկ կրպակատերերը, 3-5 հոգի մարդկանց հետ աշխատող տնտեսվարողները գոնե ամսական 1 միլիոն կտրվածքով ազատվեին բոլոր տեսակի հարկերից, որոշակի աշխուժացում, բնականաբար կբերեր, և եթե ներկայիս կառավարությունը նման քայլեր է ցանկանում որդեգրել, դա միայն պետք է ողջունել»:

Սաֆարյանը նկատում է, որ այսօր ոչ միայն բարձր հարկերն են խոչընդոտում բիզնեսին, այլև շատ ու շատ այլ հանգամանքներ:

«Հարկային վարչարարությունը, ռեյդերությունը, ձեռնարկությունների կազմալուծումը, կալանքներ դնելը հաշվի վրա․․․ այս ամենը նեգատիվ է: Երբ մի ձեռնարկություն կարող է աշխատելով իր պարտքերը փակել, չէ՞ բյուջեի նկատմամբ: Բայց երբ որ դու կալանք ես դնում, նա ստիպված գնում է իր ունեցած հիմնական միջոցները վաճառելու, որը ի սկզբանե անթույլատրելի է», - պարզաբանում է նա՝ հավելելով․ - «Գնալու ենք վարչապետի հայտարարությունների հետքերով և շարունակ հիշեցնելու ենք նրան այդ հայտարարությունների մասին»:
XS
SM
MD
LG