Մատչելիության հղումներ

Օլանդը կմասնակցի ապրիլքսանչորսյան միջոցառմանը Փարիզում


Հայաստան - Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության առաջնորդ Ֆրանսուա Օլանդը Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Երևան, 6-ը սեպտեմբերի, 2007թ․

Հայաստան - Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության առաջնորդ Ֆրանսուա Օլանդը Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Երևան, 6-ը սեպտեմբերի, 2007թ․

«Դա նշանակալի իրադարձություն է, որը պետք է գնահատել ըստ արժանվույն», - շեշտում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ներկա կգտնվի Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը, որը տեղի կունենա ապրիլի 24-ի երեկոյան Փարիզի Կանադա հրապարակում՝ Կոմիտասի արձանի առջև: Ֆրանսիայի նախագահի գրասենյակը հաստատել է այս տեղեկատվությունը:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը այսօր Armenews կայքում հրապարակել է հաղորդագրության այդ մասին՝ շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային, որը «Հանրապետության նախագահի միջոցով հարգանք կմատուցի Հայոց ցեղասպանության մեկևկես միլիոն զոհերի հիշատակին»: «Դա նշանակալի իրադարձություն է, որը պետք է գնահատել ըստ արժանվույն՝ նկատի ունենալով Ֆրանսիայի միջազգային հեղինակությունը», - ասված է հաղորդագրությունում:

«Հանրապետության նախագահի ներկայությունը ցույց է տալիս նրա հավատարմությունը իր հանձնառությունների հանդեպ», - հաղորդագրությունում ընդգծել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը՝ նկատի ունենալով նախագահական ընտրարշավի ժամանակ Ֆրանսուա Օլանդի տված խոստումը Հայոց ցեղասպանության տարելիցի արարողություններին իր ներկայությունը բերելու մասին:

Ֆրանսիական պետության ղեկավար ընտրվելուց ի վեր Օլանդը առաջին անգամ է ներկա լինելու ապրիլքսանչորսյան պաշտոնական արարողությանը:

«Ներկայություն՝ իր Հայաստան մեկնելու նախօրյակին, միջազգային լարված իրավիճակում՝ դրոշմված Քեսաբի էթնիկ մաքրազտմամբ, ինչպես նաև թուրքական կառավարության ժխտողականության արմատականացմամբ: Ֆրանսիայի նախագահի խոսքը հատկապես կարևոր է և սպասելի ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս գտնվող քաղաքացիների համար», - շեշտել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը՝ կոչ անելով ֆրանսիացիներին բազմամարդ մասնակցություն ունենալ ապրիլքսանչորսյան արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG