Մատչելիության հղումներ

Վերլուծաբանը հիասթափված է նոր կառավարության հետ կապված գործընթացներից


Նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետականի գործադիր մարմնի նիստում հայտարարում է Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու իր որոշման մասին, Երևան, 13-ը ապրիլի, 2014թ․
Նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետականի գործադիր մարմնի նիստում հայտարարում է Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու իր որոշման մասին, Երևան, 13-ը ապրիլի, 2014թ․

Նորանշանակ վարչապետը, ըստ Ռիչարդ Կիրակոսյանի, «մարմնավորում է բիզնեսի և քաղաքականության անթույլատրելի կապը»:

Նոր կառավարության կազմի հետ կապված մինչ օրս տեղի ունեցած զարգացումները հիասթափեցնող են Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի համար, թեպետ նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել էր վերափոխել կաբինետը և խնդիր էր դրել վերականգնել մարդկանց վստահությունը կառավարության նկատմամբ:

«Ոչ մի լուրջ փոփոխություն, և վիճահարույց վարչապետի նշանակումը չի խոսում այն մասին, որ իրական բարեփոխում կատարողներն ու դեմոկրատներն են գալիս կառավարություն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կիրակոսյանը:

Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականից և Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակումից հետո մինչ օրս վերանշանակվել են պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Սեյրան Օհանյանը և Էդվարդ Նալբանդյանը, Դավիթ Հարությունյանը նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: Նախարարի իր պաշտոնը պահպանեց նաև օրերս «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) շարքերը լքած արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Երիցյանից բացի, ՕԵԿ-ից առանձնացան ևս երկու նախարարներ, երբ կուսակցությունը հայտնեց, որ այլևս կոալիցիա չի կազմելու իշխող Հանրապետականի հետ:

«Ազատության» հարցին՝ արդյոք պատկերացնո՞ւմ է «Օրինաց երկիր» կուսակցությանը ընդդիմադիր կեցվածքով, Ռիչարդ Կիրակոսյանը պատասխանեց․ - «Օրինաց երկիր»-ը երբեք իրական քաղաքական կուսակցություն չի եղել և, ցավոք, բավականին ազնիվ չէ ընդդիմադիր դաշտ մուտք գործելու իր փորձն անելիս: Ինչպես տեսնում ենք, ՕԵԿ-ը ներկայացնող երեք նախարարներն էլ դուրս եկան կուսակցությունից իրենց աթոռները կառավարությունում պահելու համար: Եվ պարզ է, որ կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը հիմա զգալիորեն վարկաբեկված է»:

Մայիսի 3-ին արդեն պարզ կլինի կառավարության ամբողջական կազմը: Վերլուծաբանի համար ամենավտանգավոր նշանակումը արդեն վարչապետի ընտրությունն էր: «Իմ կարծիքով՝ նա մարմնավորում է բիզնեսի և քաղաքականության անթույլատրելի կապը: Միայն հույս ունեմ, որ քանի դեռ շատ ուշ չէ՝ նա կհասկանա բարեփոխումների և ժողովրդավարական փոփոխությունների անհրաժեշտությունը», - ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG