Մատչելիության հղումներ

Բաց հանքը՝ առողջական ու գյուղատնտեսական խնդիրների պատճառ


Արագածոտնի մարզի Մելիքգյուղի տարածքում «Մեգո-Գոլդ» ընկերությանը պատկանող և 2006 թվականից շահագործվող «Թուխմանուկ» ոսկու հանքը, հարստացուցիչ ֆաբրիկան ու երկու պոչամբարը, բնակիչների հավաստամամբ, ոչ միայն իրենց առողջությունից են զրկել, այլև ջուրն ու օդը աղտոտել։

«Մենակ իրենց փողի դարդն են, գան պոչամբարները շինեն, ջուրը բրախեն գետով, գետն էլ ամբողջ տարածքը չորացնի։ Ոռոգում ենք անում, էդ միակ գետն է, որով ոռոգում ենք անում, զավոդի ջուրն էլ մտավ մեջը, կփչացնի ամբողջը։ Ավիրվավ էդ կարտոլները, կավի ջուր կգա էդ կարտոլի վրեն։ Տասը կով ունեմ, տասից երկուսն է ծնել, սաղ էդ ջուր խմելուց, երեխա չեն ունենում», - «Ազատության» հետ զրույցում բողոքում էին գյուղացիները»։

Գյուղապետարանի հաշվապահ Գևորգ Հայրապետյանն ասում է՝ տարիներ առաջ բնակիչների հիմնական զբաղմունքն անասնաբուծություն էր, բայց հիմա դրանով այլևս ընտանիք չեն պահում. - «Ամբողջ սարերը քարուքանդ է եղել, ոչ մի ռեկուլտիվացի, ոչ մի բան չեն արել, տենց մնացել ա, անասունն էլ չի կարողանում բարձրանա սար, որ արածի»։

«Ոչ ջուրն է ջուր, ոչ հողն է հող, ոչ էլ օդն է օդ», - ասում եմ գյուղացիներն ու ընդգծում, որ նաև առողջական խնդիրներն են գյուղում գլուխ բարձրացնում։ - «Գյուղի երևի 90 տոկոսն ատամ չունի, միշտ հիվանդանոցներն են: Սաքոն գնացել էր բժշկի, 20 հիվանդություն է հանել բժիշկը։ Թույնը ազդում է, բժշկի ասածը, հենց ինձ է ասել, որ բաց հանք է, անթույլատրելի բան է, դրա համար ճնշում և այլն»։

Բնապահպանների, համայնքի ղեկավարների ու գյուղացիների պնդմամբ՝ հանքը շահագործվում է բազմաթիվ խախտումներով։ Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող Նատալիա Մանուկյանն «Ազատության» հետ զրույցում ասում է՝ պոչամբարները բաց են ու սողանքային գոտում, արդյունքում՝ վնասակար արտանետումները նվազեցնում են հողի բերքատվությունն ու հայտնվում գետի ջրերում, որով ոռոգվում են մինչև Ապարան բոլոր հողատարածքները։

«Ընկերությունն իր նախագծի բնապահպանական մասում ներկայացնում է ոչ բոլոր քիմիական տարրերը, որոնք կան պոչանքում, բայց պարզվում է, որ պոչանքի մեջ կա և մկնդեղ, ծանր մետաղներից կան կալիում, կա ցինկ, կա կապար և սահմանային խտությունը նորմաները գերազանցող է դրանց քանակությունը», - ասաց բնապահպանը։

Հանքը շահագործող ընկերությունը արդեն երեք տարի է աշխատանքները դադարեցրել է՝ ընկերությունը երրորդ պոչամբարի կառուցման հայտ է ներկայացրել։ Գյուղացիներն էլ ասում են՝ պոչամբարն ավելի է մոտենում բնակավայրին ու անկախ նախարարության որոշումից, միևնույն է իրենք համայնքի համաձայնությունը տալ չեն պատրաստվում․ - «Էս գյուղը չի վաճառվելու աղջիկ ջան, էս գյուղն անգին է։ Մինչև անգամ բերեք Ուկրաինայի նման անենք, փակ հանրաքվե անենք աշխատի, թե չաշխատի»։

Հանքը շահագործող ընկերությունում այս բողոքները առաջին անգամը չեն լսում, բայց դրանք որակում են որպես պատվիրված, անհիմն ու չապացուցված։ Ասում են՝ հանքը շահագործվում է բնակավայրից թույլատրելի հեռավորությամբ ու նախագծի բոլոր կանոնները պահպանելով։ Ընդգծում են, որ 8 տարի շարունակ ընկերությունը հանքը շահագործելուն զուգահեռ չի մոռացել բնության պահպանության մասին։ Անկախ փորձաքննության արդյունքներն էլ ունեն՝ շրջակա միջավայրի ֆոնի փոփոխություն մինչև օրս չի գրանցվել, հետևաբար հերքում են, թե բնապահպանական ու առողջապահական խնդիրները ծագել են հանքի շահագործման արդյունքում։

«Այդ հայտարարություններն անելու ժամանակ արդեն պարզ էր մարդկանց, որ գյուղից ռեկորդային բերք էր հավաքվել։ Մենք գիտենք դա, որովհետև այդ ժամանակ մենք կարտոֆիլն այնտեղից էինք գնում, շատ ավելի շատ էր ու էժան», - ասաց «Գլոբալ-Գոլդ մայնինգ» ընկերության տնօրեն Աշոտ Պողոսյանը։

Ինչ վերաբերում է բնապահպանների կողմից պոչամբարներում հայտնաբերած 18 ծանր մետաղների առկայությանը, տնօրենը զարմանում է, որ նախկինում հերքում ստացած հարցերը բնապահպանները դեռ շարունակում են բարձրաձայնել։ Հավելում է, որ մետաղները եղել են ոչ թե պոչամբարում, այլ գյուղի տնամերձերում, փորձաքննությամբ էլ ապացուցվել է, որ պոչամբարում դրանք առնվազն 10 անգամ քիչ են եղել։ Իսկ հողի մեջ դրանց առկայությունը խորհրդային տարիների անփութության արդյունք է եղել։

«Թունաքիմիկատները կրծողների դեմ օգտագործվող արգելվելուց հետո չէին ոչնչացվել, այլ նրանցից ազատվել էին՝ հողերում, հողամասերում թափելով», - ասաց Պողոսյանը։

Գյուղապետարանից ասում են որ ընկերությունը նաև համայնքում ֆինանսական մեծ պարտքեր է կուտակել՝ ո՛չ հողի վարձակալության գումարն է մարել, ո՛չ էլ հանքում աշխատող գյուղացիների աշխատավարձը վճարել։ Գյուղացիներին ունեցած պարտքը արդեն 30 միլիոն դրամի է հասել։ Այս պնդման հետ Պողոսյանը համամիտ է․ ասում է՝ ընկերությունն իսկապես պարտքեր ունի, բայց նշված թվերից շատ ավելի քիչ։

«Վճարումները շարունակվում են։ Իսկ խոսակցությունները, թե հանքը բնապահպանական աղետի է ենթարկել տարածքը ու նաև սպառնում է Արարատյան դաշտին, մենք գնահատում ենք ուղղակիորեն խավարամտության տարածում», - ասաց Պողոսյանը։
XS
SM
MD
LG