Մատչելիության հղումներ

logo-print

Հանրապետականը շարունակում է քննարկումները


Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասուլիսի ժամանակ, արխիվ

Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասուլիսի ժամանակ, արխիվ

Իշխող կուսակցությունը ոչ խնդիր է դրել անպայման կոալիցիա կազմել, ոչ էլ ամբողջական պատասխանատվությունից է խուսափում, հայտարարում է Էդուարդ Շարմազանովը:

Իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի շուրջ երկու ժամ տևած նիստի ավարտին հինգշաբթի ուշ երեկոյան կուսակցությունն այդպես էլ չհրապարակեց որևէ նախարարի անուն:

ՀՀԿ-ի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ազատության» հարցին՝ արդյոք կոալիցիա կազմելու շուրջ բանակցությունները շարունակվո՞ւմ են խորհրդարանական ուժերի հետ, պատասխանեց՝ քննարկումները շարունակվում են, չհստակեցնելով, սակայն, թե ում հետ: «Քանի դեռ մենք դեռ քննարկումների մեջ ենք, ինչքանո՞վ է կոռեկտ՝ ես ձեզ ներկայացնեմ քննարկումների ընթացքը», - ասաց նա:

«Այսինքն, դեռ բանակցո՞ւմ եք Դաշնակցության, «Բարգավաճ Հայաստան»-ի հետ», - «Ազատության» այս հարցին էլ Շարմազանովն արձագանքեց․ - «Դաշնակցությունը այսօր ներկայացրել է հայտարարություն, որտեղ իրենք չեն տեսնում հեռանկար՝ գոնե այս փուլում անդամակցել քաղաքական իշխանությանը: Թե՛ «Բարգավաճ Հայաստան»-ի, թե՛ Դաշնակցության դեպքում Հայաստանի հանրապետական կուսակցությունը հարգանքով է վերաբերվում մեր բոլոր քաղաքական գործընկերների քաղաքական որոշումներին»:

Իշխող կուսակցության խոսնակը համաձայն չէր այն դիտարկմանը, որ այս փուլում միայնակ են կառավարություն կազմում․ - «Միայնակ չենք՝ ժողովրդի հետ միասին, մեր գործընկերների հետ միասին: Երբ որ կավարտենք ամբողջական քննարկումները, կլինի որոշում, մենք կներկայացնենք ձեր դատին մեր որոշումը»:

Շարմազանովի փոխանցմամբ՝ Հանրապետականը ոչ խնդիր է դրել անպայման կոալիցիա կազմել, ոչ էլ ամբողջական պատասխանատվությունից է խուսափում, պարզապես կողմնակից է քաղաքական ավելի լայն համագործակցության, ուզում է այլ ուժերի էլ աշխատելու հնարավորություն տալ․ - «Իսկ արդեն մեր գործընկեր կուսակցությունների որոշելու հարցն է՝ իրենք կմտնեն կոալիցիա, չեն մտնի կոալիցիա, կքննադատեն, թե չեն քննադատի՝ դա իրենց խնդիրն է»:

Եթե կոալիցիա չձևավորվի, Շարմազանովը չի բացառում, որ կառավարության կազմում կլինեն նախարարներ նաև այլ կուսակցություններից: «Մենք կուսակցամոլությամբ երբեք չենք տառապել ու չենք տառապում: Պատրաստ ենք եղել, կանք ու կլինենք, որպեսզի համագործակցենք ոչ միայն այլ քաղաքական ուժերի հետ, այլ նաև անկուսակցական գործիչների հետ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հետ», - ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե Դաշնակցության առաջարկած յոթ կետերից հատկապես որոնք են անընդունելի Հանրապետականի համար, կուսակցության խոսնակը քաղաքական աբսուրդ որակեց այն, որ կարող են բոլոր հարցերում միակարծիք լինել Դաշնակցության կամ որևէ այլ կուսակցության հետ․- «Չի կարող Հանրապետականը, մեծ ցանկության դեպքում, ընդունել այս կամ այն քաղաքական կուսակցության, այդ թվում նաև՝ հարգարժան դաշնակցական իմ գործընկերների, քաղաքական բոլոր կետերը: Եթե մենք բոլոր կետերում ունենանք միասնական դիրքորոշում, մենք բոլորս կլինենք մեկ կուսակցություն»:

Դաշնակցությունը մինչդեռ, հիշեցնենք, հենց այս յոթ կետերի շուրջ անհամաձայնությամբ է պայմանավորում իշխող ուժի հետ կոալիցիա չկազմելը:

Ինչ վերաբերում է «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) որոշմանը՝ հրաժարվել առաջարկված նախարարական երեք պորտֆելներից ու անցնել ընդդիմության շարքերը, ապա, ըստ Շարմազանովի, այստեղ արտառոց ոչինչ չկա, հավերժ կոալիցիաներ չեն լինում, իսկ ՕԵԿ-ի դիրքորոշումը Հանրապետականը գնահատում է կոռեկտ և չափավոր:

«Նախ՝ լքել բառը մի քիչ, կարծում եմ, ճիշտ ընտրված չէ՝ ցանկացած քաղաքական կուսակցություն ինքն է որոշում իր տեղն ու դերը քաղաքական համակարգում: Հարգանքով ենք վերաբերվում «Օրինաց երկիր» քաղաքական ուժի այդ քաղաքական հայտարարությանը», - ասաց Հանրապետականի խոսնակը:

ՕԵԿ-ը ընդդիմադի՞ր է դառնում, թե՞ «Բարգավաճ Հայաստան»-ի պես իրեն այլընտրանք է հռչակում․ Էդուարդ Շարմազանովն ասում է՝ արդե՛ն ընդդիմադիր են: «Ընդդիմությունը իմ դիտելով կամ չդիտելով չի լինում: Քաղաքական դասագրքային ճշմարտություն է՝ եթե դու իշխանություն չես և ներկայացված ես պառլամենտում, ուրեմն՝ դու ընդդիմություն ես», - ընդգծեց նա:

Իշխող Հանրապետականը նաև չի քննարկել, թե ում են առաջադրելու Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո թափուր մնացած Ազգային ժողովի նախագահի պաշտոնում:

Նորանշանակ վարչապետ Աբրահամյանը երեկ կուսակցության գրասենյակ եկավ ոտքով, անմիջապես աշխատավայրից՝ կառավարության շենքից, կարճ շփվեց բողոքի ցույցի եկած իրացման գոտու բնակիչների հետ՝ խոստանալով ընդունել նրանց:

Իսկ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ-ի գործադիր մարմնի երեկվա նիստին չէր մասնակցում:
XS
SM
MD
LG