Մատչելիության հղումներ

logo-print

Վարչապետը առաջարկեց կասեցնել պարտադիր կենսաթոշակայինի տույժերի հաշվարկը


Վարչապետ Հովիկ Աբրահամյան, 16-ը ապրիլի, 2014թ․

Վարչապետ Հովիկ Աբրահամյան, 16-ը ապրիլի, 2014թ․

Համապատասխան օրինագիծը, ամենայն հավանականությամբ, կքննարկվի Ազգային ժողովի ապրիլի 28-ին մեկնարկող քառօրյայում: «Դեմ եմ»-ը սա համարում է քայլ, բայց՝ ոչ վերջնական:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը առաջարկել է ժամանակավորապես կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով պայմանավորված տույժերի հաշվարկը: Այս լուրը արդեն այսօր պաշտոնապես հաստատեց Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հինգշաբթի օրը Կառավարության նիստից հետո վարչապետի մոտ կայացել է խորհրդակցություն, որի արդյունքում Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է շահագրգիռ պետական մարմիններին՝ սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը:

Կառավարությունը պատրաստվում է առաջարկել նշված օրենքի նախագիծը քննարկել Ազգային ժողովի ապրիլի 28-ին մեկնարկող քառօրյա նիստում:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի որոշման տարաբնույթ մենկաբանություններից հետո շատ ընկերությունների հաշվապահությունը նորից խառնվել էր: Չնայած օրենքի մի շարք հոդվածներ հակասահմանադրական են ճանաչվել, այդուհանդերձ, առանց աշխատողների կամքի աշխատավարձերից պահումներ չկատարող գործատուներն անհանգստանում էին հնարավոր տույժ-տուգանքներից:

«Դեմ եմ» շարժումը Կառավարության այս հայտարարությունը որակում է որպես քայլ, բայց՝ ոչ վերջնական:

Նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե շատ կարևոր է, որ կառավարությունը ինչպես նախկինում էր իր դիրքորոշումը հայտնում Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ, հիմա էլ դիրքորոշում հայտնի այն մասին, որ առանց անձի ցանկության նրա փոխարեն ֆոնդ, կառավարիչ չընտրեն, աշխատավարձից փոխանցումներ չանեն:

«Լավ, համարենք քայլ, բնականաբար, նման քայլ եթե արվում է իսկապես, մի հատ վերջնականապես տեսնենք, որ իսկապես այդպիսի քայլը մինչև վերջ իր եզրահանգմանը կհասնի, ապա շատ լավ է: Դա դեռ պիտի ավելի շուտ արվեր, դեռ նախկին վարչապետը պիտի աներ», - ասաց Մանուկյանը՝ շարունակելով․ - «Բայց այստեղ միայն տույժերի կասեցումը դեռ բավարար չէ, մեր պահանջը հստակ է՝ պիտի Պետեկամուտների կոմիտեի այդ էլեկտրոնային հաշվետվության ձևը հստակ փոխել, այսինքն՝ ուղղակի այդ դաշտը ինքնաշխատ չպիտի լինի: Որովհետև անկախ նրանից, որ իրենք կասեցնում են, գիտեք, առաջին [Սահմանադրական դատարանի] աշխատակարգային որոշումից հետո էլ կասեցված էր, բայց էլի գործատուները, մի քիչ վախերով և ճնշումներով, փոխանցումներ ստիպում են, որ կատարեն»:

Ազգային ժողովը դեռ պետք է հաստատի կառավարության առաջարկը, և «Դեմ եմ»-ի անդամ Դավիթ Մանուկյանը չի շտապում ոգևորվել այս հայտարարությամբ: Պայքարի վրա այն, համենայն դեպս, չի ազդելու, վստահեցրեց նա․ - «Այսօրվա ակցիայի վրա դեռ դա չի ազդի, ակցիան, ինչպես և պլանավորվել էր, պիտի արվի, որովհետև այսօրվա ակցիայում կոնկրետ կա մեսիջ՝ ուղղված հանրապետության նախագահին, որ Սահմանադրություն է ոտնահարվում, ու դա շարունակվում է»:

«Ազատության» հարցին՝ արդյոք Հովիկ Աբրահամյանի այս քայլից հետո «Դեմ եմ»-ը պատրա՞ստ է քննարկման սեղանի շուրջ նստել կառավարության հետ, Մանուկյանը պատասխանեց, որ եթե նման առաջարկ լինի նորանշանակ վարչապետի կողմից՝ կմտածեն, այդուհանդերձ, քննարկումներ չեն կարող լինել Սահմանադրական դատարանի որոշման շուրջ:

«Քննարկումները, կարծում եմ, ավելի տրամաբանական է ծավալել նոր պատրաստվող օրենքի կամ օրինագծի շուրջ, ընդ որում՝ ոչ միայն «Դեմ»-ի հետ, այլ հնարավոր է ընդգրկել ողջ հանրությանը: Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված՝ դա հստակ է՝ այնտեղ քննարկելու բան չկա», - հայտարարեց «Դեմ եմ»-ի ներկայացուցիչը՝ ամփոփելով․ - «Երբ որ [վարչապետի կողմից] հստակ առաջարկ լինի՝ «Դեմ եմ»-ը դա կքննարկի»:
XS
SM
MD
LG