Մատչելիության հղումներ

Սոցփաթեթի առողջապահական մասը փոխանցվել է Առողջապահության նախարարությանը


Պետական ծառայողներին տրամադրվող սոցփաթեթների առողջապահության մասը ապահովագրական ընկերություններից փոխանցվել է Առողջապահության նախարարությանը:

Մի շարք պետական ծառայողներ, սակայն, ում պայմանագրի ժամկետը ապահովագրական ընկերությունների հետ արդեն լրացել է, փորձում են հասկանալ՝ ում դիմել և նախարարության միջոցով ինչպես ստանալ այդ բուժօգնությունը: Հարցերի պատասխանները ստանալ, սակայն, չի հաջողվում:

Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատությանն ասում է, որ այն մարդիկ , ովքեր ցանկանում են սոցփաթեթի շրջանակներում բուժօգնություն ստանալ, պետք է գործատուից և իրենց պոլիկլինիկայից տեղեկանք ներկայացնեն հիվանդանոցներ, սակայն դեռևս պարզ չէ, թե որ հիվանդանոցները, քանի որ նախարարությունը դեռ չի որոշել՝ որտեղ կարող են այս հիվանդները սպասարկվել:

«Քանի որ այս կարգը հաստատող կառավարության որոշումը ուժի մեջ է մտել այսօր՝ փաստորեն ապրիլի 17-ից, բնականաբար մի քանի օր կպահանջվի մինչև այդ բոլոր մեխանիզմներն իրենց լուծումները ստանան: Հիմա որոշվելու է, թե որ բուժհիմնարկներն են ներգրավված լինելու այս ծրագրի իրականացման մեջ: Մեծ հավանականությամբ կարող եմ ասել, որ համենայնդեպս Երևանի խոշոր բազմապրոֆիլ կլինիկաները հաստատ ներգրավված կլինեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ծատուրյանը:

Հարցին, թե արդյոք ժամանակավրեպ չէր այս որոշումը, Ծատուրյանն արձագանքեց․ - «Այստեղ անցումային շրջանի որոշ խնդիր կա, բայց դա, իմ կարծիքով, հիմք չէ, որպեսզի մենք ժամանակավրեպ համարենք այս անցումը: Որովհետև երբ էլ որ դա արվեր, անպայմանորեն նման խնդիրներ կառաջանային: Նույն ապահովագրական ընկերությունները, երբ սկսեցին 2012 թվականի սկզբից այս ծրագիրը իրագործել, մինչև իրենք հունի մեջ ընկան, տևեց 3-4 ամիս: Դրա իրագործման մեխանիզմները պետական կառույցի միջոցով մի փոքր ժամանակ են պահանջում, որովհետև մեր կառույցը՝ Պետական առողջապահական գործակալությունը, այս պահին իր գործառույթներով, իր հզորություններով նույնը չէ, ինչ որ ապահովագրական գործակալությունը: Մենք ի սկզբանե այլ գործառույթների, այլ նպատակների համար ստեղծված ու գործող կառույց ենք, որին հիմա տրվում են լրացուցիչ պարտավորություններ, լրացուցիչ գործառույթներ»:

Ծատուրյանի խոսքերով՝ սոցփաթեթի առողջապահական մասը ապահովագրական ընկերություններից դրվեց նախարարության ուսերին, քանի որ պետական բյուջեից տրամադրվող միջոցները արդյունավետ ու նպատակային չէին օգտագործվում: Արդյունքում, ըստ նախարարության, բյուջետային միջոցների առնվազն կեսն օգտագործվել է ոչ թե հիվանդներին բուժելու համար, այլ դարձել ապահովագրական ընկերությունների շահույթը:

Եվս մեկ փոփոխություն․ եթե նախկինում սոցփաթեթի ողջ գումարը՝ 130 հազար դրամ, կարող էր ուղղվել բժշկական ապահովագրությանը, ապա այսօր ավելի լայն բժշկական ծառայություններից օգտվել հնարավոր չէ: Սարո Ծատուրյանի հավաստմամբ՝ առաջիկայում կփորձեն լուծել այս խնդիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG