Մատչելիության հղումներ

Հայաստանը ՄՄ-ին միանալու փաստաթուղթը կստորագրի ապրիլի 29-ին


Մի քանի հարյուր ապրանքատեսակների մաքսազերծման համար բացառություններ ստանալու բանակցությունները, սակայն, դեռ չեն ավարտվել։

Ապրիլի 29-ին Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Հայաստանը ստորագրելու է Մաքսային միությանը անդամակցելու փաստաթուղթը, լրագրողների հետ հանդիպմանը հինգշաբթի հայտարարեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը:

Ավանեսյանը միաժամանակ տեղեկացրեց, որ դեռևս ավարտված չեն բացառությունների վերաբերյալ բանակցությունները:

Ռուսաստանի մաքսային օրենսգրքի հիման վրա ձևավորված Մաքսային միությունում ապրանքների մոտ 60 տոկոսի դեպքում մաքսատուրքերն ավելի բարձր են, քան Հայաստանում: Միության մաքսային օրենսգրքում ներառված է 11 553 տող ապրանք: Բռնելով Մաքսային միությանը անդամակցելու ճանապարհը՝ պաշտոնական Երևանը բանակցություններ սկսեց մոտ 900-ի շուրջ բացառություններ ստանալու նպատակով, որպեսզի այդ ապրանքների մաքսազերծումը շարունակվի Հայաստանում գոյություն ունեցող ավելի ցածր դրույքաչափերով:

Վահրամ Ավանեսյանից այսօր հետարքրքրվեցինք՝ եթե բանակցությունները դեռևս ավարտված չեն ու, բնականաբար, հայտնի չէ՝ ինչպես կավարտվեն, ինչո՞ւ է այս պայմաններում Հայաստանի ղեկավարությունը հայտարարում, թե ապրիլի 29-ին միևնույն է ստորագրելու է Մաքսային միությանը միանալու փաստաթուղթը: Փաստորեն Հայաստանը անդամակցելու է այդ միությանը՝ վերջնականապես չհստակեցնելով իր անդամակցության պայմանները:

«Դա այդպես չէ, մենք հիմա բանակցում ենք թեմայի շուրջ և, բնականաբար, ստորագրության ժամկետը որոշված է՝ ամսի 29-ին, բայց ամսի 28-ին վերջնական բանակցությունների արդյունքը կլինի։ Էսօրվա վիճակով մենք չենք կարող ասել՝ բանակցությունները կավարտվեն ամբողջովին, թե՝ ոչ, բայց հույս ունենք, որ կավարտվեն։ Դա նորմալ պրակտիկա է, զարմանալի բան չկա դրա մեջ»,- ասաց նախարարը.- «Ցանկացած բանակցության դեպքում ստորագրման օր է լինում և բանակցությունների ավարտի օր է լինում»։

Վահրամ Ավանեսյանին խնդրեցինք նշել մի քանի ապրանքներ, որոնց գծով արդեն իսկ համաձայանություն կա.- «Չեմ կարող ասել, չեմ կարող հրապարակել, մենք ունենք նախնական, մնացել են 1-2-3 հարցեր»,- պատասխանեց նա։

էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը, ըստ էության, չհերքեց տեղեկությունն այն մասին, որ բանակցությունների ընթացքում բացառությունների ենթակա ապրանքների ցանկը 900-ից կրճատվել է՝ հասնելով 400-ի:

Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, Մաքսային միության անդամ դառնալուց հետո Հայաստանը կկարողանա ավելի քիչ ապրանքներ մաքսազերծել այժմ գոյություն ունեցող մաքսային ավելի ցածր դրույքաչափերով:

«Թույլ տվեք այսօր չպատասխանել այդ հարցին, ասեմ, որ բավականաչափ ինտենսիվ բանակցություններ են գնում, որովհետև իրականում կան տարբեր շահեր»,- ասաց Ավանեսյանը։
XS
SM
MD
LG