Մատչելիության հղումներ

Մերձդնեստրը իր անկախությունը ճանաչելու կոչով դիմում է Ռուսաստանին, ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին


Մերձդնեստրի խորհրդարանի նիստը, Տիրասպոլ, 16-ը ապրիլի, 2014թ․

Մերձդնեստրի խորհրդարանի նիստը, Տիրասպոլ, 16-ը ապրիլի, 2014թ․

Փորձագետները չեն բացառում, որ Մերձդնեստրում իրադարձությունները զարգանան Ղրիմի օրինակով:

Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի շուրջ ընթացող իրադարձությունների վրա՝ Եվրոպայում նոր ճգնաժամ է հասունանում․ այս անգամ Ռուսաստանին իր անկախությունը ճանաչելու կոչով դիմել է Մերձդնեստրի չճանաչված հանրապետությունը:

Փորձագետները համարում են, որ Մերձդնեստրում իրադարձությունները կարող են զարգանալ Ղրիմի օրինակով:

Մերձդնեստրի խորհրդարանը չորեքշաբթի օրը ընդունել է ուղերձ, որում Ռուսաստանի նախագահին, Պետդումային և Դաշնության խորհրդին խնդրում է ճանաչել Մերձդնեստրի անկախությունը: Նույն խնդրանքով չճանաչված հանրապետությունը դիմել է նաև ՄԱԿ-ին և ԵԱՀԿ-ին:

Ուղերձում պատգամավորները հիշատակում են 2006 թվականի սեպտեմբերին կայացած հանրաքվեի արդյունքները, որոնց համաձայն՝ չճանաչված հանրապետության բնակիչների 97 տոկոսը իրենց ձայնն էին տվել անկախության, իսկ այնուհետև նաև՝ Ռուսաստանին միանալու օգտին:

Մոլդովայի փոխվարչապետը քննադատել է, իր ձևակերպմամբ, Մերձդնեստրում լարվածություն ստեղծելուն ուղղված քարոզարշավը:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում փոխվարչապետ Յուգեն Կարպովը մտահոգություն է հայտնել, թե Մոսկվան ու Տիրասպոլը ծրագրում են Մոլդովայում կրկնել Ղրիմի սցենարը:

Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն ռումինական հեռուստաընկերություններից մեկի եթերում երեկ երեկոյան հայտարարել է, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանա, Մոլդովան կկորցնի Մերձդնեստրը, և այն կհայտնվի Ռուսաստանի կազմում:

«Ես չեմ ցանկանում ոչ ոքի վախեցնել, բայց Ղրիմը զրոյական արդյունք էր Պուտինի համար՝ նրա հիմնական նպատակն է վերականգնել ԽՍՀՄ-ի սահմանները», - ասել է Ռումինիայի նախագահը:

Հայտնի բլոգեր, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի մեկնաբան Անտոն Օրեխը հեգնանքով ասում է․ - «Իհարկե, Մոսկվան շարունակելու է հաղթական արշավը, և Ղրիմից հետո կլինի Ուկրաինայի դաշնայնացումը, հաջորդը այս ցուցակում Մերձդնեստրն է, այնուհետև նաև՝ Գագաուզիան»:

Օրեխը չի բացառում, որ Ռուսաստանի կազմի մեջ մտնեն նաև Աբխազիան և Հարավային Օսիան:

«Վերցնել այն ամենը, ինչ կարելի է այսօր վերցնել, վաղն արդեն նման հնարավորություն կարող է չլինել՝ սա է Ռուսաստանի իշխանությունների այսօրվա կարգախոսը», - ասում է ռուսաստանցի մեկնաբանը:

Հիշեցնենք, Մոլդովայի հիմնականում ռուսալեզու Մերձդնեստրի տարածաշրջանը 1990-ականներին անկախություն է հայտարարել: Կողմերի միջև կարճատև պատերազմը ավարտվել է 1992-ին Մերձդնեստրի օգտին՝ ռուսական զինված միջամտության արդյունքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG