Մատչելիության հղումներ

Ռուստամյան․ «Քառյակը գործում է՝ ի հեճուկս բոլոր չար գուշակողների»


Խորհրդարանական ոչ իշխանական ուժերի՝ մոտ երեք ժամ տևած հանդիպումից հետո ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե քառյակը շարունակում է գործել:

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու հարցում համաձայնություն չկա, ապրիլի 28-30-ը նախատեսված շուրջօրյա հանրահավաքները տեղի չեն ունենա, բայց «քառյակը գործում է՝ ի հեճուկս բոլոր չար գուշակողների»:

Միակ հարցը, որի շուրջ այս պահին գոյություն ունի խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի միասնական կարծիք, կուտակային կենսաթոշակներ մասին օրենքում հստակություն մտցնելն է․ - «Մենք հանդես գալու նախաձեռնությամբ՝ օրենքում փոփոխություն կատարել՝ ելնելով ՍԴ որոշումից, և հասնել նրան, որ օրենքով շատ հստակ դառնա այն, ինչ անհստակ է մնացել կամ անորոշ է մնացել ՍԴ որոշմամբ»:

Խորհրդարանական մեծամասնությունից ակնկալում են ներկայություն․ - «Մենք ենթադրում ենք, որ, բնական է, մեծամասնությունը արդեն նույն ՍԴ որոշման հետևանքով կգիտակցի, որ բացակայելը հակասահմանադրական կեցվածք է, որովհետև Սահմանադրությունը դրա մասին հստակ է ասել: Եվ հուսով ենք, որ նիստը կկայանա մեր նախաձեռնության պարագայում»:

Արմեն Ռուստամյանը տպավորություն ունի, որ ապագա կառավարությունում ընդգրկվելու իրենց առաջադրած նախապայմանը՝ 7 կետանոց ծրագիրը, իշխանական ՀՀԿ-ն հակված չէ ամբողջությամբ ընդունել․ - «Եթե 7 կետերի տրամաբանությամբ ասեմ, վերապահումներով է ընդունվում, ըստ էության, խորհրդարանականը․ հիմա կարող ենք դա 50-50 անվանել թե ինչ անվանել: Անհասկանալի է մնում ի վերջո ընդդիմությանը տրվող հնարավորությունների ողջ փաթեթով համակարգը ձևափոխել քաղաքական, այդտեղ էլ հարցեր կան: 100 տոկոս համամասնականի հետ կապված հստակ երաշխիք, որ անցնում են 100 տոկոս համամասնականի, նույնպես գոյություն չունի: Հայտարարում են, որ դա սկզբունք է, գնանք կամաց-կամաց: Այս բոլորը մեզ համար հարցեր են, որոնք չեն համապատասխանում մեր 7 կետերի տրամաբանությանը»:

«Արտաքին քաղաքականության հետ կապված, բնականաբար, մեր պահանջները գիտեք», - շարունակեց Ռուստամյանը: - «Հետ կանչել ստորագրությունները հայ-թուրքական․․․ Ղարաբաղի հետ կապված ունենք շատ հստակ մոտեցումներ: Դրանք արձանագրված են»:

«Երկրորդական, երրորդական հարցերում համաձայնությունը Դաշնակցությանը չի բավարարում», - հայտարարեց կուսակցության ղեկավար անդամը: - «Մասնակի չի լինում․ կա՛մ կառավարության մեջ ես, կա՛մ մեջը չես: Կա՛մ քաղաքական պատասխանատվությամբ լիարժեք մտնում ենք: Մի նախարար կունենաս, թե երկու, թե տասներկու՝ նույնն է․․ համարվելու ես, որ դու այլևս ընդդիմություն չես: Հիմա մենք քանի որ ասում ենք՝ այն հարցերը, որոնք մեզ համար կարևոր են, դրանց մասնակի ընդունվել, դա նշանակում է մենք մեր ընդդիմադիր կեցվածքը պահպանելու ենք այնքան ժամանակ, մինչև լիարժեք ընդունվի»:

Ռուստամյանը, սակայն, չշտապեց ասել, թե Դաշնակցությունը կառավարության մաս չի կազմի: Նրա փոխանցմամբ՝ բանակցությունների արդյունքները ներկայացվելու են երկու օրից մեկնարկող Գերագույն ժողովին․ - «Կներկայացնենք Գերագույն ժողովին, Գերագույն ժողովը կորոշի՝ ինչ ստացվեց այս ամեն ինչի արդյունքում և որը պիտի լինի Դաշնակցության տեղը և դերակատարությունը: Շատ հստակ է»:

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է՝ մենք պատրաստ ենք ապագա կառավարության կազմում ընդգրկել «Բարգավաճ Հայաստան»-ին և Դաշնակցությանը, այդ ուժերի հետ քննարկվում են տարբեր սցենարներ․ կարող է լինել կոալիցիոն հուշագիր, չլինել հուշագիր, բայց նրանց ներկայացուցիչները կարող են ընդգրկված լինել հաջորդ կառավարությունում: Եվ երրորդը՝ երկու կուսակցություններն էլ կարող են մերժել համագործակցության առաջարկը: Կուսակցությունների ներգրավվածությունը Շարմազանովը որակել էր մասնակի պատասխանատվություն:

«Հանրապետական հետ կոալիցիոն կառավարություն կազմելու հարց ԲՀԿ օրակարգում չկա», - հայտարարել էր կուսակցության ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, թե այն ԲՀԿ-ականները, որոնք ներգրավված կլինեն կառավարությունում, կհեռացվեն կուսակցությունից:

«Ազատության» հարցին, թե արդյոք Դաշնակցությունն էլ այդ ճանապարհով կգնա, Արմեն Ռուստամյանը պատասխանեց․ - «Դուք հիմա բան եք ասում, որ ես իրավունք չունեմ ասել Գերագույն ժողովից առաջ: Գերագույն ժողովը կասի՝ այդպես էլ կանենք»:

Քառյակը կարո՞ղ է դառնալ հնգյակ․ «Օրինաց երկիր»-ը հնարավոր է չհամաձայնի հաջորդ կառավարության մաս կազմել: Այս հարցին Ռուստամյանն արձագանքեց․ - «Շատ մի շտապեք: Օրը կգա, բարին հետը: Կտեսնենք՝ աղջի՞կ է ծնվում, տղա՞ է ծնվում, նոր անունը կորոշենք»:

Քառյակը, Ռուստամյանի խոսքով, ձգտելու է միասնական դիրքորոշում ունենալ կառավարության կազմավորման, այնուհետև ծրագիրն Ազգային ժողովում ներկայացնելու փուլում:

Ոչ իշխանական ուժերի քննարկումները կշարունակվեն հաջորդ շաբաթ:
XS
SM
MD
LG