Մատչելիության հղումներ

«Օրինաց երկիր» կուսակցությունը քաղաքական կոալիցիային հետագա անդամակցության հարցը համարել է «խնդրահարույց և ոչ նպատակահարմար»:

Այսօր հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, թե կուսակցության քաղաքական խորհուրդը արձանագրել է, որ անցած վեց տարիներին կոալիցիոն ձևաչափը իրականության մեջ գործել է ոչ արդյունավետ, և ՕԵԿ-ը հնարավորություն չի ունեցել պետական կառավարման համակարգում ունենալ իր ազդեցությունը: Որպես դրա վկայություն կուսակցությունը հիշեցնում է, որ իրենց կոալիցիոն գործընկերության տարիներին իշխող Հանրապետականը երեք անգամ վարչապետ և չորս անգամ խորհրդարանի նախագահ առաջադրելու որոշումները կայացրել է միանձնյա, առանց կոալիցիոն գործընկերոջ հետ խորհրդակցելու:

«ՕԵԿ-ը հրապարակային կերպով արտահայտել է իր մոտեցումը կառավարության ղեկավարի մեր թեկնածուի շուրջ: Մենք համոզված էինք, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով 4 տարի արդյունավետ կառավարել է Ազգային ժողովը, ունեցել է կարևոր դերակատարում Անվտանգության խորհրդի կայացման գործում՝ համակարգելով երկրի ներքին և արտաքին կարևորագույն ոլորտներում բարեփոխումներին ուղղված շուրջ մեկ տասնյակ միջգերատեսչական, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության միջգերատեսչական հանձնաժողովների գործունեությունը, իրավունք ուներ հավակնելու երկիրը տնտեսական դժվարին իրավիճակից դուրս բերելու առանցքային դերակատարմանը», - նաև ասված է կուսակցության քաղխորհրդի որոշման մեջ:

ՕԵԿ-ը շնորհակալություն է հայտնել ՀՀ և ՀՀԿ Նախագահ Սերժ Սարգսյանին և Հայաստանի Հանրապետական կուսակցությանը համատեղ աշխատանքի համար, հաջողություն է մաղթում ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին իր գործունեության մեջ, և, ելնելով վերոշարադրյալից՝ որոշել «Օրինաց երկիր» կուսակցության՝ քաղաքական կոալիցիային հետագա անդամակցության հարցը համարել խնդրահարույց և ոչ նպատակահարմար:

ՕԵԿ քաղաքական խորհուրդը նաև բավարարել է ՕԵԿ նախարարներ Արմեն Երիցյանի, Սերգո Կարապետյանի և Սամվել Թադևոսյանի դիմումները կուսակցությունից դուրս գալու մասին և հաջողություն մաղթեց նրանց իրենց հետագա գործունեության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG