Մատչելիության հղումներ

logo-print

Ոստիկանապետ. Չէ՞ որ գթասրտությունը նույնպես դաստիարակության ձև է


Քաղաքացիներն ու իրավապաշտպանները դժգոհ են ոստիկանությունից, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասում է՝ «մեր սխալները շտկում ենք ամեն օր»։

Ոստիկանության օրվա կապակցությամբ այսօր ոստիկանները հանդիսություն էին կազմակերպել։ Նրանք մի շարք մեդալներ և պատվոգրեր նվիրեցին իրար: Կտավներ և այլ նվերներ ստացավ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա Արագածոտնի ոստիկանապետի տեղակալին նվիրեց մարտական ատրճանակ:

Ոստիկանության գործունեության կապակցությամբ բազմաթիվ դժգոհություններ կան մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցում: «Ազատության» զրուցակիցները ևս այսօր ոստիկանների գործունեության մասին տարբեր դժգոհություններ հնչեցրեցին։

Ոստիկանության հետ հաճախ առնչվող, տարբեր բողոքի ակցիաների մշտապես մասնակցող ակտիվիստ Վարդգես Գասպարին նկարագրեց ոստիկանության հետ իր շփումներից մեկը. - «2013-ի ապրիլի 20-ն էր, բերման ենթարկվեցի հենց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կաբինետ և հենց Գասպարյանը իմ և ծնողներիս հասցեին տվեց վերջին սեռական հայհոյանքները և մի շարք սպառնալիքներ։ Ես կարծում եմ՝ մեկնաբանությունն ավելորդ է»։

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը «Ազատության» հետ զրույցում, անդրադառնալով ոստիկանների նկատմամբ հասարակական դժոհությանը, ասաց.- «Դժգոհություններ կան և լրագրողներից, և ոստիկաններից, և իշխանավորներից, և առևտրականներից։ Մենք մեր սխալները տեսնում ենք, շտկում ենք, գնում ենք այդ ճանապարհով։ Մեր թերությունները բազում են, կուզեի առաջին հերթին մտածելակերպը փոխվեր, բոլորիս մտածելակերպը։ Մենք մեռելներից հարություն ենք առնում, մեր սխալները շտկում ենք ամեն օր»։

Անդրադառնալով Վարչական դատարանում ոստիկանության ներկայացրած հայցերը ետ վերցնելու փաստին՝ ոստիկանապետն ասաց.- «Չէ՞ որ գթասրտությունը նույնպես դաստիարակության ձև է»։

Վարչական դատարանում քաղաքացիների շահերը ներկայացնող իրավաբան Արտակ Զեյնալյանն, «Ազատության» հարցին ի պատասխան ասաց, որ ոստիկանությունը ոչ թե պետք է առաջնորդվի իրավական կատեգորիա չհանդիսացող գթասրտությամբ, այլ իրավունքի գերակայության սկզբունքով։

«Ոստիկանությունը միջամտել է քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության, խոսքի ազատության, ազատության և անձեռմխելիության իրավունքներին, և դա կասկածից վեր է։ Տվյալ դեպքում ոստիկանությունը ուղղակի ակնհայտորեն հասկացել է, որ իրենց հայցերը ոչ կենսունակ են»,- ասաց Զեյնալյանը։

Իրավապաշտպանները ոստիկաններին մաղթում են ունենալ այնպիսի նվաճումներ, որ կարողանան զերծ մնալ բռնություններից:

«Բռնությունները շատ են և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ, և ոստիկանության բաժիններում։ Լավ կլիներ, որ ոստիկանապետը հաներ մեղադրանքը Շանթ Հարությունյանի որդու՝ Շահենի մեղադրանքը, հարուցված քրեական գործը կարճեր և այդ ընտանիքին ազատեր մտահոգություններից։ Լավ կլիներ, որ տոնական օրվա կապակցությամբ ոստիկանապետը հրաժարվեր առաջադրված այդ կեղծ մեղադրանքներից»,- ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG