Մատչելիության հղումներ

Մոսկվան ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումից առաջ «ճնշում չի բանեցնի» Թբիլիսիի վրա


Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասին (ձախից), Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձե

Պրահայում կայացած վրաց - ռուսական բանակցություններում առանցքային տեղ է զբաղեցրել Հարավային Օսիայում ձերբակալված երեք վրաց լրագրողների հարցը:

Հարավային Օսիայում ձերբակալված երեք վրաց լրագրողների ճակատագիրը դարձավ չորեքշաբթի օրը Պրահայում տեղի ունեցած վրաց - ռուսական բանակցությունների գլխավոր թեման:

Վրացական Երրորդ հեռուստաալիքի լրագրողներ Բելա Զաքիձեն, Վախթանգ Լեկիաշվիլին և Միխեիլ Միխոևը ձերբակալվել էին ռուսաստանցի սահմանապահների կողմից երեքշաբթի օրը` վրաց - հարավօսական շփման գծում գտնվող Աձվի գյուղի մերձակայքում, նկարահանումների ժամանակ:
Civil.ge գործակալության տեղեկություններով, երեկ երեկոյան արդեն Հարավային Օսիայի իշխանությունները` մոտ 24-ժամյա ձերբակալությունից հետո, որոշեցին ազատ արձակել լրագրողներին` նրանց փոխանցելով պաշտոնական Թբիլիսիին:

Մի պահ սակայն թվում էր, որ այս միջադեպը կարող է տապալել Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի միջև Չեխիայի մայրաքաղաքում կայանալիք երկար սպասված հանդիպումը: Վրաց և ռուսաստանցի դիվանագետների բանակցությունները նախատեսված էր անցկացնել դեռ փետրվարին, սակայն Ուկրաինայի շուրջ իրադարձությունների պատճառով երկու անգամ արդեն հետաձգվել էին, երկու անգամն էլ՝ պաշտոնական Մոսկվայի խնդրանքով:

Իրավիճակը է՛լ ավելի բարդացավ, երբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը միջադեպի առթիվ հանդես եկավ կոշտ հայտարարությամբ` պնդելով, թե լրագրողները միտումնավոր են խախտել սահմանը: «Դա նախապես ծրագրված քայլ էր, որի նպատակն էր բարդացնել իրավիճակը Կարասին - Աբաշիձե բանակցությունների հերթական փուլից առաջ», - նշված էր Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

Չնայած միջադեպին, ռուս և վրացի բանագնացները Չեխիայի մայրաքաղաքում հանդիպեցին՝ քննարկելով երկկողմ հարաբերությունների բարելավման հեռանկարները: Բանակցությունների ավարտին, սակայն, Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը խոստովանեց, որ ձերբակալված լրագրողների հարցը հանդիպման ընթացքում առանցքային տեղ է զբաղեցրել:

«Մենք այսօր անդրադարձանք այդ թեմային: Ցավալի է, որ նման միջադեպերը տեղի են ունենում հատկապես մեր հանդիպումների շեմին: Ըստ իս, դա վկայում է այն մասին, որ Վրաստանի բնակչության մի հատվածը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բնակչության մեկ այլ հատվածը, սակայն, հակամարտության և թշնամանքի կողմնակից է», - նշում էր Կարասինը վրացական հեռուստաալիքների լրագրողների հետ զրույցում:

Զուրաբ Աբաշիձեի խոսքով՝ երեկ կայացած բանակցությունների ընթացքում քննարկված թեմաներից ևս մեկը Վրաստանի կողմից Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի առաջիկա ստորագրումն էր:

«Ինձ համար շատ կարևոր էր, որ Կարասինը հստակ հայտարարեց` համաձայնագրի ստորագրումից առաջ Ռուսաստանի կողմից որևէ ճնշում Վրաստանի վրա չի բանեցվի: Որքանով դա կհամապատասխանի իրականությանը` կապրենք, կտեսնենք: Մինչև հունիս քիչ ժամանակ է մնացել», - հայտարարում էր Աբաշիձեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG