Մատչելիության հղումներ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, թե Ռուսաստանը ահաբեկչություն է արտահանում Ուկրաինա:

«Ուկրաինայի հարավ-արևելքում ծայր առած անջատողական շարժումները, տեղի վարչական շենքերի գրավումը Ռուսաստանի հրահանգավորմամբ են կատարվում: Ռուսաստանի այս գործողությունները միջազգային հանցագործություն են: Պուտինը նոր բեռլինյան պատ է կառուցում», - հավելել է Յացենյուկը` շեշտելով, որ ռուսական զորքի դուրս բերման հարցը իրենց հիմնական թեման է լինելու Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Եվրամիության և Ուկրաինայի արտգործնախարարների` վաղը կայանալիք հանդիպման ընթացքում:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ այսօր հայտարարել է, որ չորս արտգործնախարարների ձևաչափով հանդիպումն ուժի մեջ է: Ըստ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի` այդ հանդիպմանը պետք է քննարկվի սահմանադրական բարեփոխումների հարցը Ուկրաինայում: Լավրովը, սակայն, համարում է, որ ճգնաժամը լուծելու համար պետք է բանակցեն հենց ուկրաինացիները, քանի որ ստեղծված իրավիճակի հիմքը Ուկրաինայում պետականության խորը ճգնաժամն է և մինչև բոլոր քաղաքական ուժերն ու բոլոր շրջանները հավասար մասնակցություն չունենան բանակցություններին, այդ ճգնաժամը չի լուծվի:

Իսկ Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են տարածքաշրջանում ռուսական դրոշներով ծանր զրահատեխնիկայի տեղաշարժերի մասին:

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը սկզբում հերքում էր այդ փաստը, սակայն ավելի ուշ հաստատեց տեղեկատվությունը, որ հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում Կրամատորսկ և Դոնեցկ մտած վեց միավոր ուկրաինական զրահատեխնիկան շրջափակվել է տեղի բնակիչների կողմից, որոնց շարքերում նկատվել են նաև ռուսական դիվերսանտներ, ինչից հետո շարասյունն ուղևորվել է Սլավյանսկ:

Դոնեցկում ավելի վաղ տեղի քաղաքային խորհրդի շենքը գրավվել էր Խարկովի «Օպլոտա» ջոկատի զինյալների կողմից, երկու տասնյակի չափ զինված մարդիկ հսկում են շենքի բոլոր հարկերը: Ջոկատի ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն լրագրողներին հայտնել է, որ Կիևի իշխանություններին ուղղված իրենց պահանջն է` Դոնեցկի մարզի կարգավիճակի վերաբերյալ մայիսի 11-ին հանրաքվե անցկացնել:

Միևնույն ժամանակ Կիևում այսօր Գերագույն ռադան փակ նիստ անցկացրել, որի ընթացքում պատգամավորները ուժային կառույցների ներկայացուցիչների հետ քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը: Հայտնի է, որ որոշում է ընդունվել բանակի գործունեությունն ապահովելու համար նվիրատվություններ հավաքվել:

Ուկրաինական ճգնաժամը քննարկվել է նաև Ստրասբուրգում այսօր Եվրոպական խորհրդարանի նիստի ընթացքում: Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ իրադարձություններն Ուկրաինայի հարավ-արևելքում ծավալվում են Ղրիմի սցենարով:

Ֆյուլեն հավելել է, որ Եվրամիությունը որոշել է ընդլայնել պատժամիջոցները և ավելացնել այն անձանց ցուցակը, ում հաշիվները սառեցվում են և ում նկատմամբ վիզային սահմանափակումներ են մտցվում: «Եթե Ռուսաստանը շարունակի ապակայունացնել իրավիճակը Ուկրաինայում, դրանք կարող են վերածվել տնտեսական լայնամասշտաբ պատժամիջոցների»,- հայտարարել է Շտեֆան Ֆյուլեն:

Այսօր Բրյուսելում ՆԱՏՕ-ի խորհրդի նիստի ընթացքում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Ուկրաինայի ճգնաժամի իրենք ավելացնում են Եվրոպայի արևելքում ռազմական ներկայությունը: Միևնույն ժամանակ Ռասուսենը հույս է հայտնել, որ վաղը Ժնևում չորս արտգործնախարարները կկարողանան հիմք ստեղծել ճգնաժամի քաղաքական լուծման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG