Մատչելիության հղումներ

Ձկնաբույծներին մտահոգում է կառավարության նախաձեռնությունը


Ձկնաբույծներին մտահոգում է կառավարութան նախաձեռնությունը
please wait

No media source currently available

0:00 0:03:31 0:00

Ձկնաբույծներին մտահոգում է կառավարութան նախաձեռնությունը

Կառավարությունը նախապատրաստում է օրենսդրական մի նախաձեռնություն, որի կյանքի կոչվելու դեպքում ձկնաբուծության ոլորտում փոքր ու միջին ձեռներեցները կսնանկանան, իսկ ոլորտը կանցնի խոշոր գործարարներին:

Այսօր «Ազատության» հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայ ձկնաբույծների միավորման ղեկավար Արթուր Աթոյանը:

Մեր զրուցակցի տեղեկություններով, գյուղատնտեսության նախախարությունում դեռևս մշակման փուլում գտնվող նախաձեռնության համաձայն, նախատեսվում է ձկնաբուծությունը դարձնել լիցենզավորված գործունեություն և երեք տարվա արտոնգարի համար սահմավելու է 15 միլիոն դրամի վճար:

«Փոքրներն ու միջինները, ես համոզված եմ, որ մոտ 75 տոկոսը ի վիճակի չի լինելու վճարել: Իսկ ովքեր առաջին անգամ կկարողանան վճարել, մինչև հաջորդ լիցենզիայի ձեռք բերման ժամանակահատվածը նրանք անպայման կգնան քայքայման», - կանխատեսեց նա:

Աթոյանի փոխանցմամբ՝ ներկայումս Հայաստանում գործում են մոտ 180 ձկնաբուծական ընկերություններ՝ 11 հազար աշխատատեղով, և այդ ընկերությունների գերակշիռ մասը փոքր ու միջին ձեռնարկություններ են:

«Դա մեզ ամենահուզող հարցն է: Մեզ հետ ընդհանրապես չի քննարկվում, չի տեղեկացվում, համատեղ աշխատանքներ չի կազմակերպվում», - դժգոհեց նա:

Հարցին, թե իր կարծիքով ինչ նպատակ է հետապնդում նման նախաձեռնությունը, Աթոյանն արձագանքեց․ - «Իմ ներքին համոզմունքի հիման վրա կարող եմ ասել, որ մի շարք շահագրգիռ կառույցներ ցանկանում են, որ ջրօգտագործողները հնարավորինս Հայաստանում քիչ լինեն: Երևի այդ միջոցով փորձում են իրականացնել այլ խնդիրներ, որ մեզ դեռևս անհայտ են»:

Հայկազ Զեյնալյանը, ով ձկնաբուծարանի սեփականատեր է, երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե նախաձեռնությունը կյանքի կոչվելու դեպքում՝ ձկնաբուծությունը Հայաստանում ուղղակի կկործանվի․ - «Եթե այս քաղաքականությունը, որ վարվում է ձկնաբույծների նկատմամբ, այսպես շարունակվի, կմնան միայն այն ձկնաբույծները, որոնք շատ հզոր են, որոնք կարող են դրսից կեր բերել, որոնք նաև կերով մատակարարում են փոքր տնտեսություններին: Այսինքն՝ փոքր բիզնեսը կկործանվի»:

Կառավարությունից այսօր հաստատեցին՝ նման նախաձեռնություն, իրոք, քննարկվում է: «Ազատության» հետ զրույցում գյուղնախարարի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը նշեց, որ նախարարությունում հարցը ընդամենը քննարկման փուլում է, դեռ ոչ մի որոշում կայացված չէ, իրականությանը չի համապատասխանում Արթուր Աթոյանի այն հայտարարությունը, թե կառավարությունում մտադիր են 15 միլիոն դրամ սահմանել ձկնաբուծարանների լիցենզիայի համար:

Ըստ Սմբատյանի, նպատակ կա խնայել Արարատյան հարթավայրի արտեզյան ջրերը: Քանի որ ձկնաբուծարանները օգտագործում են այդ ջրերի գերակշիռ մասը, որպես խնայելու տարբերակ նաև քննարկվում է ձկնաբուծարանների լիցենզավորումը, «որի շրջանակներում էլ նախատեսվում է ձկնաբուծարաններում կիրառել ջրի խնայողության փակ և կիսափակ շրջապտույտով համակարգեր»:

«Ազատության» հարցին՝ եթե որոշում կայացվեց անցնել լիցենզավորման, որքա՞ն է լինելու վճարը, Անի Սմբատյանը պատասխանեց․ - «Երբ ամեն ինչ պարզ լինի, նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ՝ վճարովի՞ է արդյոք և որքա՞ն է լինելու վճարի չափը»:

Հավելենք, որ «Պետական տուրքի մասին» օրենքի 7-րդ հոդվածի «ժա» կետի համաձայն, մեր երկրում լիցենզիաներ տալու համար գանձնվում է պետական տուրք: Այսինքն՝ լիցենզիաները անվճար չեն:
XS
SM
MD
LG